Միլիարդատեր Մարկ Կյուբանը պատրաստ չէ իրեն իր տարիքին համապատասխան պահել։
Ծերանալու դեմ գիտության մասին նոր վավերագրական ֆիլմում՝«Longevity Hackers»-ում, որը հեռարձակվում է Amazon-ում եւ Apple TV-ում, միլիարդատերն ասել է, որ իրեն տասնյակ տարիներով երիտասարդ է զգում իր կենսաբանական տարիքից (66 տարեկան)։ Նրա խոսքով՝ «60-ամյակը նոր 40-ամյակ է»։
«Դուք տեսնում եք իմ տարիքի տղաների, որոնք կարող են լավ տեսք ունենալ եւ չսահմանափակվել նրանով, ինչ անում են»,- նշել է նա, գրել է Business Insider-ը։
Մինչ որոշ գործարարներ միլիոններ են ծախսում հակատարիքային միջամտությունների վրա, այն, ինչ գիտենք Կյուբանի մասին, համեմատաբար պարզ է եւ մեծ ծախսեր չի պահանջում։
Ահա թե ինչ է ասել Կյուբանըը դիետայի, վարժությունների եւ հավելումների մասին, որոնք նրան օգնում են ավելի երիտասարդ զգալ իրեն։ «Եթե ես երբեւէ ստիպված չլինեի նայել հայելուն, ես կմտածեի, որ 35 տարեկան եմ»,- ասել է նա։
Նա որքան հնարավոր է շատ է քայլում
Վարժություններն արդեն երկար տարիներ Կյուբանի օրակարգի կարեւոր մասն են, եւ դրանք վճռական նշանակություն ունեն առողջ ծերանալու համար։
«Այժմ ես մարզվում եմ ավելի շատ, քան 10 կամ 15 տարի առաջ, որովհետեւ իմ մարմնին դա ավելի շատ է անհրաժեշտ»,- ասել է նա։
Գործարարն ասել է, որ սովորաբար մարզասրահում անցկացնում է 45-90 րոպե, ներառյալ կարդիոբեռնվածությունները։
Նա նաեւ միշտ շարժման մեջ է, երբ դա հնարավոր է։
Հետազոտության համաձայն՝ քայլելը կապված է ավելի երկար եւ առողջ կյանքի հետ, եւ անգամ 500 լրացուցիչ քայլը օրական կարող է նշանակություն ունենալ։
Նա բուսակեր է
Կյուբանը 2019 թվականից բուսակեր է։
«Երբ ավելի եք մեծանում, ուտելիքը ավելի է նմանվում դեղի, եւ ձեզ անհրաժեշտ են սննդարար նյութեր, որպեսզի լինեք ձեր լավ տարբերակը»,- ասել է նա։
Բուսական դիետաները, որոնք հարուստ են սննդարար նյութերով, ինչպիսին են կանաչիները, ամբողջահատիկները, ընկույզները եւ լոբազգիները, կապված են ավելի երկար կյանքի եւ քրոնիկական հիվանդությունների ավելի ցածր հավանականության հետ։
«Այն, ինչ ես ուտում եմ, իսկապես ազդում է այն բանի վրա, թե ինչպես է իմ օրգանիզմում գործում ամեն ինչ»,- ասել է Կյուբանը։
Նրան դուր է գալիս բուսական սնունդը, եւ նա ներդրումներ է կատարել բազմաթիվ ընկերություններում, որոնք վեգանական եւ բուսական սննդամթերքներ են արտադրում, բայց թերությունն այն է, որ դա կարող է դժվարացնել տնից դուրս ճաշելը կամ միջոցառման այցելելը։
«Ինձ դուր է գալիս բուսակեր լինելը։ Դա կարող է տարօրինակ լինել, երբ տղաների խմբի հետ գնում եք սթեյք-հաուս»,- ասել է նա։
Նա ընդունում է հավելումներ D վիտամինով եւ մելատոնինով
Կյուբանը իր կարիքները սննդի հարցում լրացնում է ամենօրյա հավելումներով, որպեսզի նվազեցնի բորբոքումն ու բարելավի վիճակը։
Նա ընդունում է հավելումներ մելատոնինով, հորմոն, որը բնական եղանակով արտադրվում է օրգանիզմում նրա ներքին ժամացույցը կարգավորելու համար։
Կյուբանը նաեւ ընդունում է D եւ E վիտամիններ։ Վիտամին D-ն օրգանիզմին օգնում է յուրացնել կալցիումը, որը վճռական նշանակություն ունի ոսկորների առողջության համար, ինչպես նաեւ ամրացնում է իմունային համակարգը՝ իջեցնելով քաղցկեղի վտանգը։ Վիտամին E-ն աջակցում է իմունային համակարգին եւ նվազեցնում բորբոքումը՝ իջեցնելով բջիջների բեռնվածությունը, որպեսզի կանխի տարիքային վնասվածքները։
Նա ասել է, որ իր առողջության մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունը պարզ, ամենօրյա սովորությունների օգնությամբ շահաբաժիններ է բերել՝ նրան թույլ տալով շարունակել զբաղվել այն գործերով, որոնք իր կյանքում նշանակություն ունեն։
«Ինձ համար ծերանալը պարզապես այն լինելն է, ինչ կաս՝ անկախ թվից»,- ասել է Կյուբանը։