Բենզինի մանրածախ շուկայում 2017 թվականի հունվարի 27-ից դիտարկվել են գնային բարձրացումներ՝ մասնավորապես ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 330 դրամից բարձրացել է 10 դրամով, իսկ որոշ ժամանակ անց՝ փետրվարի 10-ին՝ ևս 20 դրամով: Արդյունքում, ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը բարձրացել է 30 դրամով՝ կազմելով 360 դրամ: Վերոնշյալի հիման վրա՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն բենզինի շրջանառության ոլորտում:
Ինչպես տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովը գրություններով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և ոլորտում գործունեություն իրականացնող 2 գերիշխող տնտեսվարող սուբյեկտների՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ին, «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ին, ինչպես նաև «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ին: Հանձնաժողովի կողմից զուգահեռ ուսումնասիրվել է նաև միջազգային շուկայում բենզինի վաճառքի գների դինամիկան: Ստացված տեղեկատվության վերլուծությունից պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները բենզինը հիմնականում ձեռք են բերում «Ռոսնեֆտ» և «Լուկօիլ» ընկերություններից: Ուսումնասիրելով վերջիններիս կողմից մատակարարվող բենզինի գները՝ պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբեր ամսից սկսած մինչև 2017 թվականի հունվար ամիսը 1 տոննա բենզինի մատակարարման գները նվազել են մինչև 118 դոլարով կամ 57 230 դրամով, որի հետևանքով 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 380 դրամից նվազել է մինչև 330 դրամ (50 դրամով): Առկա տեղեկատվությունը փաստում է, որ արդեն 2017 թվականի հունվարից 1 տոննա բենզինի ձեռքբերման գինը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ բարձրացել է մինչև 136 դոլարով կամ 65 960 դրամով՝ գրեթե հավասարվելով նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ձեռքբերումների գներին: Բենզինի ձեռքբերման գնի բարձրացման հետևանքով՝ երկրի ներսում մատակարարումներ իրականացնող ընկերությունների կողմից վաճառքի գինը բարձրացել է մինչև 30 դրամով՝ կազմելով 360 դրամ՝ 1 լիտրի հաշվով:
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է նաև Bloomberg պարբերականում հրապարակվող բենզինի արտահանման գները, որից պարզվել է, որ Բուլղարիայից և Ռումինիայից արտահանվող բենզինի 1 տոննայի գինը 2017 թվականի փետրվարին՝ 2016 թվականի սեպտեմբերի համեմատ թանկացել է մինչև 74 դոլարով: ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է նաև հարևան երկրներում բենզինի գնի դինամիկան, որից պարզվել է, որ, օրինակ, Վրաստանի Հանրապետությունում «Լուկօիլ» ընկերության բենզալցակայաններում 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 1,3 լարի, իսկ 2017 թվականի փետրվարին՝ 1 ,72 լարի՝ այսինքն տեղի է ունեցել գնային բարձրացում 32 տոկոսի չափով: