Վրաստանում վիզային ռեժիմի չեղարկումը հեշտացնելու հեռանկարը. ինչ է պետք իմանալ
Advertisement 1000 x 90

Վրաստանում վիզային ռեժիմի չեղարկումը հեշտացնելու հեռանկարը. ինչ է պետք իմանալ

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում փորձագետները, անդրադառնալով Վրաստանում վերջին շրջանում Եվրամիության վիզային ռեժիմի չեղարկման հեշտացմանն առնչվող քննարկումներին, նշեցին, որ դա ռիսկային կարող է լինել Վրաստանի մի շարք բնագավառների զարգացման և ներուժի առումով։ Ըստ փորձագետների` առանցքային կլինի քաղաքական գործոնը։

Մասնավորապես, խոսքը վերջին օրերին ակտիվ քննարկվող այն թեմայի մասին է, ըստ որի` Եվրամիությունը մինչև տարեվերջ կհեշտացնի առանց վիզայի ռեժիմի վերացումը 61 երկրների քաղաքացիների համար, որոնք ներկայումս օգտվում են այդ արտոնությունից։ Այդ երկրների թվին է պատկանում Վրաստանը։

Հարկ է նշել, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է ընդլայնել առանց վիզայի ռեժիմի դադարեցման պատճառների ցանկը դեռևս 2023 թվականին։

Օրեր առաջ Եվրոպայի երեք հիմնական կառույցները (Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի միության խորհուրդ) առաջին անգամ միասին քննարկել են այդ առաջարկվող օրենքը՝ վիզային ռեժիմի ազատականացման դադարեցման ընթացակարգը հեշտացնելու նպատակով։

Սա ինչ է նշանակում

Վիզաների ազատականացումը հնարավորություն է տալիս դրանից օգտվող երկրների քաղաքացիներին 90 օր այցելելու ԵՄ առանց վիզայի: Վրաստանն այդ ցուցակին միացել է 2017 թվականին։ Այս որոշումը երկիրը մեծ շուքով է տոնել։

Ներկայիս կասեցման մեխանիզմը, որը գործում է 2018 թվականից, կարող է գործարկվել ակնհայտ խախտումների դեպքում, օրինակ՝ եթե այս առավեությունից օգտվող երկրների քաղաքացիների թիվը, որոնք գերազանցում են 90-օրյա սահմանը կամ օգտվում են վիզային ռեժիմի ազատականացումից ԵՄ-ում ապաստան հայցելու համար, զգալիորեն մեծանա: Մինչ այժմ դաշինքն  այս մեխանիզմը օգտագործել է միայն մեկ անգամ։

Ինչ փոփոխություններ են սպասվում

1. Առաջին հերթին վիզային ռեժիմի ազատականացումը կարող է կասեցվել, եթե ԵՄ-ն համարի, որ ակնհայտ անհամապատասխանություն կա տվյալ երկրի և ԵՄ ընդհանուր վիզային քաղաքականության միջև։

2. Ազատականացման դադարեցման մյուս պատճառն, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքներն են, որոնք մինչ օրս համարվում են տեսական։

3. Երրորդ պատճառը կարող է լինել  երկրի կողմից ներդրողներին քաղաքացիության զանգվածային շնորհումը կամ այն ​​սխեման, որը թույլ է տալիս անհատներին քաղաքացիություն ձեռք բերել՝ առանց այդ երկրի հետ որևէ կապ ունենալու:

4. Չորրորդ, նոր օրենքի նախագծում ասվում է, որ կասեցման մեխանիզմը կարող է գործարկվել «մարդու իրավունքների լուրջ խախտումների» կամ «միջազգային իրավունքի և չափանիշների լուրջ խախտումների, այդ թվում՝ մարդու իրավունքների օրենսդրության և միջազգային դատարանների որոշումների չկատարման դեպքում»։

ԵՄ պաշտոնյաների կարծիքով՝ վիզային ռեժիմի ազատականացումը միշտ ուղեկցվել է «ժողովրդավարության չափանիշով», թեև դրա իմաստը երբեք հստակ շարադրված չի եղել։

Ինչ են ասում փորձագետները

Փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց, որ վիզային ռեժիմի ազատականացման չեղարկման հեշտացումն ուղղակիորեն կազդի հիմնականում քաղաքական հարաբերությունների վրա։ Թեև ընդգծեց նաև` քաղաքական առումով ուղիղ հաղորդակցությունների վատթարացումը տնտեսական հետևանքներ ևս կունենան։

«Նախապես ասել, թե ինչ կլինի, իհարկե` հնարավոր չէ, բայց` ռիսկային է։ Վիզաների չեղարկման ուղղակի ազդեցությունն ավելի շատ քաղաքական կլինի, քան տնտեսական, բայց առավել կարևոր քաղաքական գործոնն այն է, որ կարող է ավելի շատ վնասել տնտեսությանը»,- ասաց վերլուծաբանը։

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում, այլ հանգամանքների հետ մեկտեղ, կարևորեց Վրաստանի քաղաքացիների համար հնարավոր հետևանքները։

Նրա խոսքով` այն վտանգը, որի առջև Վրաստանը կանգնած է, տրամաբանական էր, ուստի Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման չեղարկումը կարող է ժամանակի հարց լինել.

«Սա լուրջ խնդիր է ստեղծելու Վրաստանի քաղաքացիների համար, որովհետև ուսման, բուժման, բիզնեսի, աշխատանքային թե այլ նպատակներով կատարված այցերը հարցականի տակ կդրվեն։ Եվրոպական միության հետ ազատականացված վիզային ռեժիմը մեծ արժեք և հնարավորություն է, և այն փաստը, որ Վրաստանը կանգնած է այդ վտանգի առաջ,  լուրջ սպառնալիք է բնակչության համար»,- նշեց Թումասյանը` հավելելով, որ դա, կարծես, «Վրացական երազանք»-ին չի հետաքրքրում։