Անահիտ Սիմոնյանը, թերևս, Instagram-ի ամենաակտիվ հայ հայտնիներից է: Չկա օր, որ Անահիտը չթարմացնի story-հավելվածը, իսկ եթե մասնակցում է որևէ խնջույքի, ապա տեսանյութերը թարմացնում է աննկարագրելի արագությամբ` տպավորություն թողնելով, որ ինքը միջոցառման ոչ թե մասնակիցն է, այլ օպերատորը:
Անահիտ Սիմոնյանը չի մոռանում իր հեռախոսի մասին նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսնու` Հայկոյի հետ պարում է, նախընտրելով ոչ թե վայելել պահը, այլ անմահացնել և կիսվել այդ ամենով: Սա, իհարկե, երգչուհու անձնական էջն է և իր կյանքն անմնացորդ ներկայացնելը նրա որոշումն է, չնայած այս առումով էլ մի հակասություն կա:
Մարդ, ով պատրաստ է իր կյանքը ցուցադրել, չի սիրում և խուսափում է լրագրողների հետ շփվելուց` իբրև թե հեռու պահելով անձնական կյանքը, բայց սա արդեն այլ պատմություն է:
Ուշադրությունս գրավեց Անահիտ Սիմոնյանի հերթական ուղիղ հեռարձակումը (դե, իհարկե, այն նույնպես Անահիտի սիրելի հավելվածներից է), որում նա գրեթե չէր պատասխանում հետևորդների հարցերին` ասելով, որ այդ պահին իրեն հարմար չէ խոսել, չնայած այստեղ էլ հարց է առաջանում, եթե հարմար չէ, որն էր այդ ուղիղ եթերով հանդես գալու «զոհողության» պատճառը… Բայց ինչևէ, ավելի լավ կլիներ այդպես էլ հարմար չլիներ, որովհետև երբ նա խոսեց… Ճիշտ կլիներ, թերևս, լռելը…
Երգչուհին իր հետևորդներից հարցրեց, արդյոք դիտել են «Черная любовь» սերիալի 2-րդ եթերաշրջանը, ասելով, որ ամբողջ գիշեր չի քնել հենց դրա պատճառով, ավելին ` հաջորդ գիշերն էլ է պատրաստվում լուսացնել նույն նպատակով: Նորություն չէ, որ թուրքական սերիալները վերջին շրջանում մեծ տարածում են գտել, ցավալի է, որ այդ թվում` նաև Հայաստանում, սակայն միթե երգչուհի-դիզայները, ով ի վերջո, հանրային մարդ է, պետք է իր Instagram-ը օգտագործի թուրքական արտադրանք գովերգելու և, ինչու ոչ, քարոզելու համար… Ամոթ է, Անահիտ, ուղղակի ամոթ է…
Թերևս, թուրքական սերիալների մոլուցքով էլ պայմանավորված էր, որ տարիներ առաջ «Ezel» հեռուստասերիալում երգերից մեկը շատ նման էր Անահիտ Սիմոնյանի «Կամ» երգին, որը շատ ավելի վաղ էր հայտնվել համացանցում, քան Անահիտի երգը:
Զարմանալի զուգադիպությամբ Անահիտ Սիմոնյանի` թուրքականի հանդեպ սերն ավելի էր ընդգծվում Սիրուշոյի «Դեր Զոր» անվանումով տեսահոլովակի և դրա ստեղծման պատմության տեսանյութի ֆոնին: Խորհուրդ կտամ Անահիտին դիտել այն` հասկանալու համար Արևմտյան Հայաստանում նկարահանումներ իրականացնելու համար որքան ջանք էր պահանջվել, իսկ Սիրուշոն տեսանյութում նույնիսկ Թուրքիա բառի փոխարեն օգտագործում է` «այդ երկրում» արտահայտությունը, իսկ Անի մտնում է հայկական «Զարթոնք» երգով…
Ատոմ Գրիգորյան