Մոսկվայում Արեգ Շչեպիխինը /Օգաննիսյան/ «չի առևանգվել, այլ ձերբակալվել է» չեչեն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, որոնք համագործակցում են Մոսկվայի համապատասխան գերատեսչությունների հետ, ասել է հանրապետության ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևը։
Նա հավելել է, որ «հետաքննություն է ընթանում Շչեպիխինի հրապարակային գործողությունների վերաբերյալ, որոնք կատարվել են հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով»։
Դուդաևի խոսքով՝ տղամարդը «բացահայտորեն, հրապարակայնորեն և բազմիցս կոչ է արել էթնիկ զտումների և նացիզմի, վիրավորել է կրոնը և Աստծուն, ինչպես նաև արտահայտել է հստակ ծայրահեղական հայացքներ և հայտարարել է փոքր երեխաների բռնաբարելու իր մտադրության մասին»։
«Ձերբակալվածի գործողությունների արդարացումը նույնպես ընկնում է մեր երկրի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների տակ, սակայն որոշ բլոգերներ և դեղին մամուլի ներկայացուցիչներ ներկայումս զբաղված են դրանով։ Հատկապես աչքի են ընկել կոռումպացված TG ալիքները, որոնք հրապարակում են պատվերով հոդվածներ, որոնց հեղինակները նշված հանցագործին անվանում են «զոհ»։ Նացիզմի դեմ պայքարի հատուկ ռազմական գործողություն անցկացնող երկրում նացիզմի արդարացումը և պաշտպանությունը կրկնակի հանցագործություն է», – ասել է Դուդաևը։
Ավելի վաղ գրել ենք, որ նախօրեին Մոսկվայի երկաթուղային կայարաններից մեկում, բազմաթիվ մարդկանց աչքի առաջ և նրանց անտարբերության պայմաններում, մի խումբ մարդիկ բռնի ուժով առևանգել և ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ փակելով անհայտ ուղղությամբ տարել են հայազգի Արեգին, որը հայտնի է որպես հասարակական ու քաղաքական գործիչ, ինչպես նաև գործարար:
Այսօր հայազգի տղամարդուն առևանգած վեց չեչենները ազատ են արձակվել և հեռացել ոստիկանության բաժանմունքից:
Տուժածի գտնվելու վայրը, սակայն, տակավին անհայտ է:







