Մխիթարյանի տրանսֆերը լավագույնն է Ֆերգյուսոնի հեռանալուց հետո. Goal.com-ի ծավալուն հոդվածը
Advertisement 1000 x 90

Մխիթարյանի տրանսֆերը լավագույնն է Ֆերգյուսոնի հեռանալուց հետո. Goal.com-ի ծավալուն հոդվածը

Հեղինակավոր Goal.com պարբերականի փորձագետ Թոմ Մեստոնը լայնածավալ հոդվածում անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին:

«Շատ է խոսվել ամռանը Պոգբայի ռեկորդային տրանսֆերի մասին, սակայն կիսապաշտպանությունում նրա ընկերոջ ավելի ցածր արժեքով տեղափոխությունը մարդկանց ստիպում է բարձրացնել ունքերը:

Այս շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ տարիներ հետո մարդիկ կսկսեն մտածել` նրանք քիչ գումար են վճարել Պոլ Պոգբայի համար: Պորտուգալացու այս խոսքերը դեռ պետք է ապացուցվեն: Սակայն եթե նա ցանկանում է տեսնել տրանսֆերի լավ օրինակ, ապա նա պետք է պարզապես հայացքն ուղղի Հենրիխ Մխիթարյանին:

Վերջին շաբաթներում նրա ելույթներից հետո անտեղյակ մարդիկ կարող էին մտածել, որ հենց Միկիի համար է վճարվել համաշխարհային ռեկորդը, ոչ թե Պոգբայի: Ճիշտ է, Հենրիխից ժամանակ պահանջվեց անգլիական ֆուտբոլին հարմարվելու համար, երբ մրցաշրջանում սկզբում նա տապալվեց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: Սակայն ի տարբերություն Անխել Դի Մարիայի և Մեմֆիս Դեպայի, Մխիթարյանը կարողացավ պատասխանել այն մարդկանց, ովքեր կասկածի տակ էին դնում նրա` «Մանչեսթեր Յունայթեդին» պիտանի լինելը:

«Բլեքբեռնի» հետ խաղում առնվազն մինչև Իբրահիմովիչի և Պոգբայի փոխարինումը, նա լավագույնն էր դաշտում: Մարկուս Ռեշֆորդին կատարած նրա գոլային փոխանցումը միայն ամենահիշարժան պահն է հերթական ներկայացման: Փլեյմեյքերի դիրքում Մխիթարյանի գործելն անընդհատ վտանգ էր առաջացնում մրցակցի համար:

Նոյեմբերից Մխիթարյանի խաղը Մոուրինյուին և երկրպագուներին ապացուցեց, որ նա այժմ գտնվում է իր կարիերայի լավագույն մարզավիճակում: Հենրիխը ներուժ ունի կազմելու հարձակողական հզոր մեքենայի մասը, որն անմխիթար վիճակում էր հայտնվել Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո:

Կարելի է նաև պնդել, որ Մխիթարյանը լավագույն բիզնես գործարքն է Ալեքս Ֆերգյոսոնի հեռանալուց հետո: Մարդկանցից շատերը կմատնանշեն Իբրահիմովիչի անվճար տեղափոխությունը, սակայն շվեդը թիմում է մնալու առավելագույնը 2-3 տարի, իսկ Մխիթարյանը` երկու անգամ ավելի: Իհարկե, Պոգբան ավելի շատ ժամանակ ունի, քան Մխիթարյանը, սակայն մոտ երեք անգամ նրա տրանսֆերային արժեքն ավելի մեծ է: Ֆրանսիացին պետք է երկար ճանապարհ անցնի այդ գումարները վերադարձնելու համար:

Միկիի համար, սակայն, նրա ժամանակը ներկան է և նա հանդիսանում է Մոուրինյուի թիմի կարևորագույն երեք անուններից մեկը: Երեք ամիս առաջ, ոչ ոք չէր հավատա դրան, սակայն 26 միլիոն ֆունտ արժեցած ֆուտբոլիստն արդեն եղանակ է գտել վարձահատույց լինելու նրա համար վճարած ոչ այնքան մեծ գումարի համար»,- գրում Թոմ Մեստոնը:

armsport.am