ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է չորս երկրներում՝ Հարավային Սուդանում, Նիգերիայում, Սոմալիում և Եմենում սովից 1,4 մլն երեխաների հնարավոր մահվան մասին: Տվյալները հրապարակել է BFMTV-ն:
Փորձագետների եզրակացությունների համաձայն, Եմենում թերասնումից տառապում է 462 հազար երեխա, Նիգերիայում նրանց թիվը հասնում է 450 հազարի: Երաշտի պատճառով Սոմալիում սովամահության եզրին են հայտնվել 185 հազար փոքրիկներ, մի քանի ամսից նրանց թիվը կարող է հասնել 270 հազարի: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով, Հարավային Սուդանի գրեթե 100 հազար բնակիչներ առաջիկայում կարող են սովից մեռնել, եթե երկրին բավարար ծավալով հումանիտար օգնություն չհասցվի: Երկրի շուրջ 1 մլն բնակիչներ հայտնվել են սովի եզրին. ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նրանցից ավելի քան 250 հազարը երեխաներ են: Ընդամենը թերասնումից Հարավային Սուդանում տառապում է երկրի բնակչության 40 տոկոսը կամ 4,9 մլն մարդ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լայքը հայտարարել է ողբերգությունը կանխելու նպատակով շտապ միջամտության անհրաժեշտության մասին: «Մենք դեռևս կարող ենք փրկել նրանցից շատերին»,-ասել է նա:
ՄԱԿ-ի արտակարգ օգնության ցուցաբերման համակարգող Սթիվեն Օ՛Բրայենը ավելի վաղ հայտարարել է, որ Եմենում շարունակվող զինված հակամարտությունը սպառնում է դառնալ արդի աշխարհում իր մասշտաբներով խոշորագույն սովի պատճառ: Պաշտոնյայի խոսքով՝ երկրի շուրջ 10 մլն բնակիչներ սննդամթերքի անբավարարություն ունեն: Կարիքավորների թվում են 2,7 մլն երեխաներ: