Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչներն անհանգիստ են: Սպասվող պատվաստման մասին ծանուցումը կասկածներ է հարուցել: Կասկածներին տեղի է տվել հատկապես տարիքային կոնկրետ խմբեր առանձնացնելը: Մասնավորապես նշվել է, որ պատվաստվելու են այն քաղաքացիները, որոնց ծննդյան տարեթիվն ավարտվում է 1 նիշով: Հետաքրքիր է, որ մարդիկ անգամ չեն հասկացել, թե ինչի համար են պատվաստում, ում։ Կասկածները մարդկանց տարել են դեպի ընտրակեղծարարության ասպարեզ՝ մտածում են, որ մարդկանց անձնական տվյալների հավաքման հերթական փորձն են անում իշխանությունները։
«Ասում են՝ ինֆարկտի և ինսուլտի դեմ են պատվաստում, մենք էլ անհանգստանում ենք: Բանը հասել է նրան, որ ինֆարկտն ու ինսուլտը 1961, 1971 և 1981 թվականներին ծնվածների՞ն է սպառնում»,-ասաց Սուրիկ անունով ներկայացած քաղաքացին, որի փոխանցմամբ՝ պոլիկլինիկայից ծանուցվում են հենց այդ թվականներին ծնվածները, որ ներկայանան փաստաթղթերով: «Թյուրըմբռնում է տեղի ունեցել:
Մենք յուրաքանչյուր պատվաստվողի բացատրում ենք, որ դա պրոֆիլակտիկա է՝ դիֆթերիայի, փայտացման, գրիպի ու կապույտ հազի դեմ: Եթե մարդիկ չեն հասկացել, կարող ենք ևս մեկ անգամ բացատրել»,-ասաց բուժամբուլատորիայի տնօրեն Լալա Վաղարշակյանը: Բժշկուհու փոխանցմամբ՝ պատվաստումն իրականացնում են ըստ ազգային օրացույցի՝ ամեն տարիքային խմբին որոշակի պարբերականությամբ, այս պարագայում՝ 10 տարին մեկ հաճախականությամբ:
«Հաջորդ տարի էլ կպատվաստենք 1962-1982 թվականներին ծնվածներին: Սկսում ենք նախազորակոչային տարիքից, ավարտում 55 տարեկաններով: Գյուղի մարդիկ են, հողի հետ գործ ունեն. հողից վարակվելու ռիսկ կա, հետևաբար, պատվաստվելն իրենց իսկ շահերից է բխում: Ի վերջո, պետք է հասկանալ, որ պետությունը հսկայական միջոցներ է տրամադրում, որ իրենք առողջ լինեն»:
Նկատենք, որ պատվաստման մասին, չգիտես ինչու, տեղյակ չէր Ծաղկալանջի գյուղապետը: