«Զեփի» համերգին մասնակցելու համար ֆանատները պատրաստ են վաճառել իրենց ներքին օրգանները
Advertisement 1000 x 90

«Զեփի» համերգին մասնակցելու համար ֆանատները պատրաստ են վաճառել իրենց ներքին օրգանները

«Լեդ Զեփելին» խումբը երաժշտության պատմության մեջ հիմնեց ծանր ռոքի օրենքներն ու կերտեց դրա գիտակցությունը: Խմբի անդամներն իրենց «վայրենի» կենսակերպով և արտառոց կերպարներով անդադար շոկային իրավիճակներ էին ստեղծում միջազգային մամուլի համար: Նրանց ետևում սիրահարների մեծ բազմություն կա, որոնք պատրաստ են հեղաշրջումներ կազմակերպել, անհնազանդության դրսևորումներ ցուցաբերել և պայքարել: Աշխարհն ասում է` սա է արվեստի փառքը, երբ ամբոխը հավատում է արվեստին և գնում է այդ արվեստի հեղինակների ետևից: Անգամ 19 տարվա լռությունը խմբի երկրպագուներին չհիասթափեցրեց:

Համաշխարհային շուկայում բրիտանական «Լեդ Զեփելին» ռոք խումբը ալբոմների թողարկման և վաճառքի ռեկորդ է սահմանել, ինչը ռոքի պրոդյուսերների համար դեռևս հանելուկ է մնում: 20 տարի առաջ միայն ԱՄՆ-ում վաճառվել է 300 միլիոն սկավառակ։ «Բիթըլզ» խմբից հետո «Լեդ Զեփելինն» ապացուցեց, որ կա հարդ ռոք, որն ունի իր փիլիսոփայությունը, և որով կարելի է նվաճել աշխարհը: Նոյեմբերի 26-ին Լոնդոնում կկայանա «Լեդ Զեփելին» խմբի համերգը: Այս իրադարձության մասին գրում են համաշխարհային լրատվամիջոցներն ու ամեն օր թարմ տեղեկատվություն են տալիս, թե տոմսերի վաճառքն ինչ կատաղի հունով է ընթանում: Արդեն լուրեր կան, որ տոմսի գինը նախապես սահմանվել է 250 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ մինչև համերգը դեռ շատ ժամանակ կա։ Պարզ է, որ համերգի օրը տոմսերի գները կհասնեն աստղաբաշխական թվերի: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած խմբի ֆանատների աժիոտաժն անհանգստացնում է բրիտանական իշխանություններին, քանի որ տոմսարկղերի մոտ գոյացած հերթերը արյունահեղության պատճառ են դառնում: Երկրպագուները վիճաբանություններ են սարքում տոմս ձեռք բերելու համար. «Ես կվաճառեմ իմ արյունը, կվաճառեմ օրգաններս և այն ամենն, ինչ ունեմ, միայն թե կարողանամ համերգի տոմս ձեռք բերել: Ես ամեն ինչի ընդունակ եմ, կարծում եք կատակո՞ւմ եմ»,- ասում է «Լեդ Զեփելինի» ֆանատներից մեկը: Ի դեպ, տոմս գնելու իրավունք ունեն միայն հատուկ կայքէջում գրանցված մարդիկ: Համերգի կազմակերպիչները տեղեկացնում են, որ տոմս գնելու համար արդեն գրանցվել է 20 միլիոն մարդ: Կայքէջի հեղինակները շփոթված վիճակում են, քանի որ չեն կարողանում պահանջարկը բավարարել: Նրանք բոլոր երկրպագուներին համբերությամբ զինվելու կոչ են անում, և փորձում են խաղարկել տոմսերը: Խմբի վերջին համերգը տեղի է ունեցել 1980թ. Բեռլինում, որից հետո մահացել է հարվածային գործիքների նվագող Ջոն Բոնհեմը: Նրան փոխարինելու է որդին` Ջեյսոն Բոնհեմը: Ինչևէ, մինչ օրս համաշխարհային երաժշտական քննադատները վկայում են, որ կրոնական հիմներով միախառնված կատարումներով այս խումբն առաջինն էր, որ ճանապարհ բացեց ալտերնատիվ և հարդ ռոք երգողների համար:

 

«Ես գերադասում եմ ֆուտբոլը»

Խմբի վոկալիստ Ռոբերտ Պլանտի ձայնն անփոխարինելի է: Նա ոչ միայն երգիչ է, այլ ձայնը վարպետորեն օգտագործում է իբրև երաժշտական գործիք: Երաժշտական քննադատներն ասում են, որ ոչ մի սինթեզատոր Պլանտի արձակած ձայնային ելևէջները վերարտադրելու հնարավորություն չունի: Հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ Պլանտին հարցնում են` «Դուք գերադասում եք սե՞քսը, թմրանյո՞ւթը, թե՞ ռոքը։ Նա պատասխանում է` «Ես գերադասում եմ ֆուտբոլը»: Ամերիկյան «Հիթ-շքերթ» հրատարակչությունը, որը զբաղվում է ծանր ռոքի ասպարեզում հեղինակավոր մարդկանց ռեյտինգներով, Ռոբերտ Պլանտին համարում է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստը։

«Լեդ Զեփելին» խմբի առաջին համերգը տեղի է ունեցել 1968թ., և ծանր ռոքի սիրահարների համար անփոխարինելի է մնում։ Համերգից հետո երաժշտական քննադատները շոկահարվել էին: «Խմբի էներգետիկան հզոր է, հանդիսատեսն էքստազի մեջ էր»,- պատմում են քննադատներն, ովքեր հետագայում ընդունել են, որ հարդ ռոքի ազդեցությունը կարող է լինել ինչպես ագրեսիան, այնպես էլ բլյուզային մեղեդիներով համեմված սերն ու մարդկային հոգու խաղաղությունը: Ի դեպ, այդ տարիներին քննադատների համար դժվար էր ընդունել երաժշտական մի նորամուծություն, որը կարող է կառավարել ամբոխին:

Պլանտը կարող էր կաթվածահար լինել:

Ռոբերտ Պլանտի ծնողներն ամեն ինչ անում էին որդուն բարձրակարգ կրթություն տալու համար: Նա գերազանց էր սովորում մինչև 13 տարեկանը։ Հետո հմայվեց Էլվիս Պրեսլիի երաժշտությամբ, սկսեց լրջորեն ուսումնասիրել բլյուզ կատարողների կենսագրությունն ու ստեղծագործություններն, ինչը բացասական ազդեցություն ունեցավ ուսման վրա: «Ինձ մշտապես գրավել են հնաոճ բլյուզ կատարողները, նրանց ժեստերը, նյութի հանդեպ վերաբերմունքը: Հիշեք Ջոն Ուիլյամսին, նրա կտրուկ ձայնը, ագրեսիվ ոճը։ Նա կարողանում էր վախեցնել: Հաճախ ինձ թվում է՝ ես խելագարվում եմ, երբ լսում եմ Սլիպ Ջոն Էստեսին, չեմ կարողանում զսպել էմոցիաներս: Անչափ սիրում եմ լսել նաև Մուզ Էլիսոնին, Օսկար Բրաունին, Մորիս Ուիլյամսին, ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա օգտագործում իր ձայնը»,- ասել է Ռոբերտ Պլանտը: Ծնողները, նկատելով Պլանտի նախասիրությունները, նրան ուղարկել են այլ քաղաք՝ հաշվապահական դասընթացներ ուսանելու։ Սակայն 6 ամիս անց նա տեղափոխվել է ընկերուհու` Մորինի մոտ: Հետագայում նրանք ամուսնացել են` ունենալով երկու երեխա:

Այդ տարիներին էլ ստեղծվել է «Լեդ Զեփելին» խումբը, որի հոգին համարվում էր Ռոբերտ Պլանտը: Քննադատներն ասում էին. «Նա կարողանում է զգալ բառը, գեղեցիկ ներկայացնել ֆիզիկական սիրո տեսարաններ, ունի ճաշակ և տարբերվում է ամերիկանիզմի գերի դարձած տարատեսակ մոդայիկ արտահայտություններից»: Պլանտի տրագիկ երգեցողությունը հաճախ նմանեցնում են Ջենիս Ջոփլինի կատարումներին: Եթե Ռոբերտ Պլանտն ամենասկզբում կատարում էր հիպիական ոճին հատուկ երգեր, ապա հետագայում հանդիսատեսը նկատում է նրա կատարումների առանձնահատկությունը: Պլանտը սկսում է լրջորեն ուսումնասիրել տարատեսակ մոգությունների փիլիսոփայությունը, ինչից հետո սկսվում է նրա կյանքի դժբախտությունների շարանը: 1975թ. նա կնոջ և երեխաների հետ ճամփորդելիս վթարի է ենթարկվում: Ռոբերտի ոտքը երկու տեղից կոտրվում է։ Բժիշկները նրան հորդորում են շատ զգույշ լինել՝ զգուշացնելով, որ փոքրիկ անզգուշությունը կարող է ծանր հաշմանդամության պատճառ դառնալ: Համերգներից մեկի ժամանակ միկրոֆոնի լարը պատահաբար փաթաթվում է Ռոբերտի ոտքին, և նա ուժգին հարվածով ընկնում է բեմից: Հաշմանդամ դարձած երաժիշտը գամվում է սայլակին և հոգեբանական ծանր սթրես տանում: Այդ ժամանակահատվածը Պլանտի համար շրջադարձային է լինում, որովհետև նա վախենում էր բեմ դուրս գալ, փակվել էր տանը: Բժիշկները Պլանտին տեղեկացնում են, որ նրան սպառնում է կաթվածահար լինելու հավանականությունը: Մյունհենում կազմակերպած համերգին Պլանտը բեմում հայտնվում է հաշմանդամի սայլակով և ցնցում հանդիսատեսին: «Նրա երգերը ներվային և վախեցնող էին: Նրա ձայնը մեզ տանում է դժոխային լաբիրինթոս, տանջում է, այնուհետև թեթև բլյուզով վերադարձնում է հրաշալի կյանք»,- ասում են քննադատները: Պլանտն իր վախերը հանդիսատեսին փոխանցելով՝ կարողանում է երգերի միջոցով խոսել համամարդկային թեմաների մասին: Երաժշտության հետ նա ճչում է, արտահայտում է իր միջի ցավը, մարդկանց ստիպում է մտածել հավերժական արժեքների մասին:

1977թ. Պլանտի որդին ծանր տեսակի հարբուխից մահանում է: Որդու անսպասելի կորուստը Պլանտի համար ծանր հարված է լինում: Որոշ ժամանակ անց էլ մահանում է խմբի հարվածային գործիքների վրա նվագող Ջոն Բոնհեմն` այդպիսով վերջակետ դնելով «Լեդ Զեփելին» լեգենդի կարիերային: Տղաներն այդ ընթացքում հանդես են գալիս հայտարարությամբ` տեղեկացնելով, որ խումբն այլևս չի գործի:

Լուսինե Ստեփանյան

«3 Միլիոն»