«Դոմինո» սիթքոմից հայտնի Մհեր Խաչատրյանին հեռուստադիտողն արդեն տեսնում է «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման շրջանակներում: Մհերն արդեն սիրված հաղորդավարների հետ միասին իր օրը սկսում է ուղիղ եթերում` բարի լույս մաղթելով հեռուստադիտողներին: Life.panorama.am-ը Մհեր Խաչատրյանի հետ խոսել է ոչ միայն նոր աշխատանքից, այլև սպասվելիք այլ ծրագրերից:
-Մհեր, կարճ ժամանակ է, ինչ միացել եք «Բարի լույս»-ի անձնակազմին ու դարձել նրանցից մեկը: Ինչպե՞ս կայացավ այս աշխատանքը:
– Իրականում, այս աշխատանքի հետ կապված շատ ասելիք չունեմ. Առաջարկ ստացա ու սիրով համաձայնեցի, քանի որ ուղիղ եթեր շատ եմ սիրում: Առաջարկը ընդունելու հարցում մեծ նշանակություն ունեցավ նաև հաճելի թիմը, ինչը գործի կարևոր մասն է կազմում: Ուրախ եմ, որ իսկապես լավ թիմի մասնիկն եմ դարձել:
-Թիմի մասին միանգամից նշեցիք: Ինտեգրման խնդիր չեղա՞վ:
– Ինտեգրում, կարելի է ասել, տեղի չունեցավ, քանի որ հենց առաջին եթերից տպավորություն էր, թե տարիներով միասին ենք աշխատել: «Բարի լույս»-ի թիմը հայտնի է իր ընտանեկան ոգով, ինչը ես առաջին իսկ օրից զգացի:
-Առավոտյան թողարկման հաղորդավարները մի շատ կարևոր խնդիր ունեն` չտրտնջալ վաղ առավոտյան արթնանալու համար, որպեսզի հեռուստադիտողը հանկարծ չզգա, որ գուցե դժվարությամբ եք արթնացել ու եկել աշխատանքի: Այս առումով խնդիրներ ունեի՞ք:
– Աշխատում եմ շուտ արթնանալ, որպեսզի եթերի ժամին թարմ տեսք ունենամ ու հանկարծ սխալ տպավորություն չլինի, թե ստիպված եմ աշխատանքի եկել կամ քնած եմ մնացել: Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի եթերի ժամին` 10:00-ին համապատասխան տեսք ու տրամադրվածություն ունենամ:
-Որպես լրագրող և նոր հաղորդավար` ի՞նչ նորություն եք բերելու «Բարի լույս»-ում:
– Մի փոքր ամպագորգոռ կհնչի, եթե ասեմ ինչ-որ նորություն եմ բերելու: Իմ առաջնային խնդիրն է լավ աշխատել, իսկ թե դա ինչպես կստացվի, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ ինձ արդեն թույլ է տրվել իմ եթերների օրերին ինքս ընտրել այն տեսահոլովակները, որոնցով կլինեն երաժշտական ընդմիջումները: Սա շատ հաճելի է, քանի որ երաժշտություն շատ եմ սիրում ու ոգևորիչ է, որ կարող եմ իմ երաժշտական ճաշակով կիսվել նաև հեռուստադիտողի հետ: Հետագայում էլ գուցե հաղորդումը նոր բաժիններ ունենա, տեսնենք` ինչպես կստացվի:
-Մհեր, հաղորդումից զատ կցանկանամ խոսել նաև «Դոմինո»-ի սպասվելիք նոր եթերաշրջանի մասին: Այս մասով տեղեկություններ կհայտնե՞ք սիթքոմի երկրպագուներին:
– Այս պահին որևէ տեղեկություն հայտնել չեմ կարող, քանի որ դրա իրավասությունը չունեմ: Միայն կնշեմ, որ եթե լինի նոր եթերաշրջան, ապա ես կշարունկեմ նկարահանվել:
-Սովորաբար, մեկ նախագծում նկարահանվելուց հետո առաջարկները հաջորդում են միմյանց: Հետաքրքիր է` այս պահին որպես դերասան ներկայանալու այլ հրավերներ չունե՞ք:
– Քանի որ ես դերասան չեմ, առաջարկներն էլ առանձնապես շատ չեն: Ինքս էլ դեռևս ոչինչ չեմ պլանավորում, բայց, եթե հետաքրքիր հրավեր լինի, գուցեև ուժերս փորձեմ: Միայն թե յուրաքանչյուր պարագայում պետք է վստահ լինեմ, որ գոնե մի քիչ կարող եմ, իսկ եթե վստահ չլինեմ, կգերադասեմ չխառնվել մի բանում, որից գլուխ չեմ հանում:
-Որպես դերասան` Ձեզ դեռևս հումորային ժանրում ենք միայն տեսել, եթե առաջարկը դրամատիկ կերպար կերտելու հետ կապված լինի, կհամաձայնե՞ք:
– Ինչ խոսք, սիթքոմը դրամատիկ ֆիլմերից տարբերվում է նրանով, որ այն շատ ավելի թեթև ժանր է ու այստեղ նկարահանվելը գուցեև ավելի հեշտ է: Թեև վստահաբար պետք է ասեմ, որ, այստեղ նկարահնվելով, շատ բան եմ սովորել ու ինքս էլ ամեն ինչ արել եմ, որ լավ արդյունք ստանամ: Իսկ թե կընդունեմ արդյոք ավելի լուրջ ժանրերում ներկայանալու առաջարկը, հիմա չեմ կարող ասել: Երբ լինի առաջարկը, այդ ժամանակ երևի ավելի շատ կմտածեմ այդ հարցի շուրջ: