Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանում նոր ներկայացումներով ու նոր նախագծերով կրկին կուրախացնի թատերասերներին:
Առաջնախաղեր, հայ հեղինակների գործերի բեմականացում՝ տարբեր տարիքների համար: Այս ամենը հանդիսատեսին կմատուցվի նոր թատերաշրջանում, սակայն նոր թատերաշրջանի մեխը մշակույթը տարբեր մարզերի բնակիչներին հասանելի դարձնելու գաղափարն է:
ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում կներկայացնի թատրոնի խաղացանկի լավագույն 7 ներկայացումները Օշականում, Թալինում, Ալավերդիում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում:
Թատրոնն այսպիով իր 151-րդ թատերաշրջանը կնշանավորի հյուրախաղերով՝ այն մեկնարկելով մարտին: «Մշակութային կանգառ»-ի շրջանակներում ոչ միայն Գյումրու թատրոնը կներկայանա այլ տարածքներում, այլ նաև հանրապետության լավագույն թատրոններն իրենց խաղացանկի լավագույն ներկայացումները կներկայացնեն գյումրեցիների դատին:
Այս տարի սա միակ անակնկալը չէ: Ինչպես տեղեկացրեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, այս տարի թատրոնը կանդրադառնա միայն հայ հեղինակներին: Ստվերում չի մնալու նաև արցախյան պատերազմի թեման:
Թատերաշրջանը կմեկնարկի փետրվարի 23-ին՝ Զորայր Խալափյանի «Տարբեր նվագներ» լիրիկական կատակերգությամբ: