Ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների ՀՀ առաջնությունում արտաշատցի ըմբիշները նվաճել են մրցանակային տեղեր: Մայրաքաղաքում փետրվարի 17-18-ն անցկացված առաջնությունում 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը նվաճել է երկրորդ, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը՝ երրորդ պատվավոր տեղը:
Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ, թեև իրենց մարզիկները վաստակել են արծաթե և բրոնզե մեդալներ, այնուամենայնիվ, նա այս գոտեմարտերը փայլուն հաղթանակ է համարում, քանի որ այդ ըմբիշները նոր են մուտք գործել երիտասարդների տարիքային խումբ: «Նրանք շատ լավ հանդես եկան, ես գոհ եմ նրանց մրցելույթից: Իրենց մրցակիցներն ունեին և՛ տարիքային, և՛ ուժային առավելություն»,-ընդգծեց նա:
Հիշյալ երկու մարզիկներն ընդգրկվել են ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում և փետրվարի վերջին Ծաղկաձորում կմասանակցեն ուսումնամարզական հավաքներին:
Մարզադպրոցից ՀՀ առաջնությանը մեկնել էին 6 ըմբիշ: Նրանց մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը և Վարդան Գյուրջյանը:
Առաջնությանը մասնակցում էին հանրապետության ավելի քան 120 ուժեղագույն ըմբիշներ: