«Ալիևը ապահովագրում է իրեն». ինչո՞ւ է Մեհրիբան Ալիևան նշանակվել Ադրբեջանի 1-ին փոխնախագահ. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ալիևը ապահովագրում է իրեն». ինչո՞ւ է Մեհրիբան Ալիևան նշանակվել Ադրբեջանի 1-ին փոխնախագահ. aravot.am

«Անցյալ տարի սեպտեմբերին Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխություններով հիմնվեց երկրի առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտը: Առաջին փոխնախագահը առաջինն է նախագահից հետո, և նախագահի բացակայության պարագայում հանդիսանում է երկրի ղեկավարը»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային  փոխնախագահ նշանակելու որոշումը, ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:

Նրա բնորոշմամբ՝ բնական է, որ Ալիևն այս պաշտոնը պետք է վստահեր իր շրջապատից ամենավստահելի անձին, որն այս պարագայում Մեհրիբան Ալիևան է. «Այստեղ անհրաժեշտ է նաև շեշտել, որ Ադրբեջանի իշխանական համակարգում այսօր կա երկու ուժեղ և թելադրող «կլան»՝ նախիջևանյան և Փաշաևների կլանները: Իսկ Մեհրիբան Ալիևան հանդիսանում Փաշաևների կլանի ամենաներկայանալի և ամենավստահելի դեմքը: Իշխանության հիմնական պաշտոնները ներկայացված են այդ կլանների միջոցով: Իշխանության մեջ նման պաշտոն ձեռքբերելով՝ Փաշաևներն ավելի են ամրապնդում իրենց դիրքերը: Զարմանալի չի լինի, որ մոտ ժամանակներս փոխնախագահի պաշտոնում Իլհամ Ալիևը նշանակի մեկին, որը կներկայացնի նախիջևանյան կլանի շահերը»:

Այս ամենից բացի, ինչպես Աշոտ Մովսիսյանն է նշում, Ալիևը ամրապնդում է իր դիրքերը և իրեն ապահովագրում մի շարք վտանգներից. «Վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ երկրի ներսում ուժեղ նախագահական համակարգով, ազդեցիկ  իշխանական կլանով այդքան էլ հեշտ չէ ապահովել իշխանության հանձնումը հաջորդ սերնդին: Այսօր արդեն ադրբեջանական սոցցանցերում խոսվում է Իլհամ Ալիևի առողջական խնդիրների մասին, գուցե այս քայլով Ալիևը ապահովագրում է իրեն»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջին տիկնոջ՝ առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու շուրջ Ադրբեջանի հանրության արձագանքին, մեր զրուցակցի խոսքով. «Հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ: Համենայնդեպս, հանրության մի զգալի հատված դեմ է Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահ նշանակվելուն, միևնույն ժամանակ՝ այդ նույն հանրությունը գիտակցում է, որ Ալիևներից ուրիշ բան սպասել պետք չէ»:

Ըստ Մովսիսյանի. «Նման քայլով Բաքվի բռնապետը երկիրը մեկ քայլ առաջ է տանում դեպի միապետության ճանապարհը: Գուցե զարմանալի է, բայց այս համակարգով Ադրբեջանը կհիշեցնի տիպիկ միապետական թագավորություն, երբ թագավորի բացակայության ժամանակ երկիրը ղեկավարվում էր թագուհու կողմից»:



Նման նյութեր