ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, ունի վստահված անձ, որը Սպիտակ տանն առաջին տիկնոջ աշխատակազմի անդամ չէ և չի լինի: Խոսքը վերաբերում է Մելանյայի ավագ քրոջը՝ Ինես Քնաուսին: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:
Նրա տեղեկությունների համաձայն, Ինեսը վայելում է իր կրտսեր քրոջ լիակատար վստահությունը և նրա ոչ պաշտոնական ավագ խորհրդականն է:
Նա ապրում է Նյու Յորքի Trump Tower երկնաքերի հարևանությամբ, որտեղ տեղավորված է Trump Organization բիզնես-կայսրության կենտրոնակայանը և որտեղ, նախքան Վաշինգտոն մեկնելը, իր որդու հետ ժամանակավորապես բնակվում է Մելանյան ինքը:
CNN-ը համոզվել է, որ Ինեսը մեծապես հոգ է տանում իր անձնական կյանքի անձեռնմխելիության մասին: Համացանցում գործնականում չկան նրա լուսանկարները, բացի դեռ 2005 թվականին Մար-ա-Լագոյի (Ֆլորիդայի նահանգ) գոլֆ-ակումբում արվածները, որը ներկայում ծառայում է որպես Թրամփի քաղաքամերձ նստավայր:
Առաջին տիկնոջ ավագ քույրը գրեթե չի հայտնվում հանրության առջև, «փակ» է պահում Twitter-ում իր օգտահաշիվը և իր գոյության մասին չէր հիշեցնում անցյալ տարի ԱՄՆ-ում անցկացված նախընտրական արշավի ժամանակ:
Մելանյան Ինեսին «անզուգական կին և ընկերուհի» է որակել Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) Հանրապետական կուսակցության համագումարում արտասանած իր դեբյուտային խոսքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: