Այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության 25-ամյակի կապացությամբ կազմակերպված միջոցառմանը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, բարձր գնահատելով հանրակրթության ոլորտի բարեփոխման գործում կազմակերպության ունեցած ներդրումը և կարևորելով վերջինիս կողմից իրականացրած ծրագրերի դերը,կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանին և ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանին պարգևատրեց նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»`
«Ուզում եմ իսկապես շնորհակալություն հայտնել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը: Կրթության նախարարությունը անկախության ձեռքբերումից հետո իր բավականին բարդ և հետևողական աշխատանքի ընթացքում ունեցել գործընկեր կառույցներ, որոնք իր հետ կիսել է և՛ հաջողությունները, և՛ դժվարությունները, որոնց վրա հենվում ենք և որոնց հետ աշխատում ենք: Այս առումով առանձնանում է հայտնել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, որը հանգիստ, վստահ մտավ կրթական համակարգ, զբաղեցրեց բավականին հետաքրքիր մի դաշտ, որը մեր կրթական ծրագրերում բացակայում էր: Իրենց հետևողականության շնորհիվ նրանք կարողացան իրականացնել մեծ և տեսանելի աշխատանք: Այս առումով պետք է շնորհակալություն հայտնենք Արմինե Հովհաննիսյանին, ով անկախության ձեռքբերման առաջին օրերից անձամբ իրեն նվիրեց մեր կրթական համակարգին և շարունակաբար աշխատում է»,- իր խոսքում նշեց Լևոն Մկրտչյանը:
Իր խոսքում Արմինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք եղել են «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի կողքին:
«Պարոն Մկրտչյանի հետ երկար տարիներ է, ինչ գործունեություն ենք ծավալում: Նրա անձնական գործոնը շատ կաևոր է այս գործում: Երբ ես գրում էի «Քաղաքացիական կրթության» ծրագիրը, որը շատ մեծ նորություն էր Հայաստանի համար, ինքը համբերատար զրույցներ է ունեցել ինձ հետ, խորհուրդներ տվել, այս ճանապարհը միասին ենք անցել: Երբ դեռ նախարար չէր, երբ տեսնում էի նրան, կատակով ասում էի` երբ ես նախարար դառնալու, մի լավ աշխատենք»: