Մոսկվայում փետրվարի 20-23-ը անցկացվող «Expocentre» ցուցահանդեսների կենտրոնում Արևելյան Եվրոպայի խոշորագույն CPM (Collection Premiere Moscow) նորաձևության միջազգային ցուցահանդեսին հայկական նորաձևությունը ներկայացնում է «5900BC» ապրանքանիշը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բա ժնից:
«5900 BC» ապրանքանիշի ներքո միավորվել են Հայաստանում գործող հագուստ արտադրող 8 ձեռնարկություն, որոնք իտալացի և հայ փորձագետների աջակցությամբ մշակում և ստեղծում են նորաձև հագուստի համատեղ հավաքածուներ՝ ժամանակակից գնորդների պահանջներին և ճաշակին համապատասխան: Ապրանքանիշի անվանումը խորհրդանշական է, քանի որ աշխարհում գտածո ամենահին հագուստներից մեկը` 5900 տարի առաջ ստեղծված կանացի շրջազգեստը, հայտնաբերվել է ՀՀ Արենի համայնքում: «5900 BC» ազգային ապրանքանիշը CPM-Collection Premiere Moscow նորաձևության միջազգային ցուցահանդեսին մասնակցո ւմ է չորրորդ անգամ՝ ներկայացնելով իր հինգերորդ՝ աշուն-ձմեռ 2017-2018 հավաքածուն: Այս տարի ցուցահանդեսի մասնակից երկրները 29-ն են: Մոտ 21 000 այցելուների զգալի մեծամասնությունը կազմում են նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ:
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրի աշխատանքային խմբի կողմից կազմակերպված հանդիպումներին զուգահեռ՝ ռուսական խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների և հայկական ապրանքանիշի առանձին գործարարների հետ հանդիպումներ է նախաձեռնել նաև Ռուսաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, որոնց արդյունքում սպասվում է պայմանագրերի կնքում և հետագա համագործակցություն։
«5900BC» ապրանքանիշը ստեղծվել է ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում:
2017թ. փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի պաշտոնական մեկնարկը: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը:
Ծրագիրը միտված է Հայաստանում հագուստի և կոշկեղենի արտադրության ավանդույթների վերականգնմանը և զարգացմանը, ոլորտում գործող ՓՄՁ-ների արդիականացմանը և արտահանման խթանմանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի դաշնության կառավարության ֆինանսավորմամբ:
CPM միջազգային ցուցահանդեսին անընդմեջ մասնակցությունն արդեն իսկ տվել է իր ցանկալի արդյունքները: Այժմ հայկական բարձրորակ հագուստի արտադրությամբ հետաքրքրված են Ռուսաստանի ամենահայտնի ապրանքանիշներն ու նորաձևության տները: Շատերն այցելել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու ընկերությունների արտադրական հնարավորություններին և քննարկելու համագործակցության ուղիներ: Նրանց հետ սերտ գործնական կապեր են հաստատվել: Առաջին պայմանագիրը կնքվել է տարեկան մոտ 30 հավաքածու թողարկող ռուսական ամենախոշոր ցանցերից մեկի «Dimanche» ընկերության և արտահանման առաջին փորձը կատարող հայաստանյան հագուստ արտադրող մի ձեռնարկության հետ՝ ստեղծելով երկարատև կայուն համագործակցության հեռանկարներ: Պատվերներ են տեղադրվել նաև Ռուսաստանի ամենահայտնի նորաձևության տներից մեկի՝ «Վալենտին Յուդաշկին նորաձևության տան» կողմից, որը ներկայացրեց նոր հավաքածուն 2016թ. հոկտեմբերին Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում: Ծրագրի փորձագիտական խումբը իր բազմակողմանի աջակցությունն է ցուցաբերում ընկերություններին նմուշների պատրաստման, իրավաբանական, մարկետինգային, ֆինանսական և այլ հարցերի շուրջ: Բանակցությունները մյուս ցանցերի հետ ընթացքի մեջ են, ակնկալվում է, որ դրանք կհանգեցնեն երկարաժամկետ արդյունավետ համագործակցության: