Դերասան, հումորիստ Արտյոմ Մարկոսյանն արդեն տևական ժամանակ է՝ էկրաններին չի երևում: Դերասանի լռությունը զանազան ասեկոսների պատճառ է դարձել, անգամ ասում են, թե Արտյոմը հիասթափված է ու այլևս չի ցանկանում նկարահանվել:
Life.panorama.am-ը խոսել է Արտյոմ Մարկոսյանի հետ:
«Հայաստանում պարզապես ընդունված է յուրաքանչյուր պարագայում վատ բաներ մտածել ու երևակայել: Իրականում, հիասթափության հետ կապված ոչ մի նման բան չկա, լռությունս էլ շատ հարաբերական է: Այսինքն, ճիշտ է, էկրաններին այժմ չեմ երևում, բայց բավականին ծավալուն աշխատանքներով եմ զբաղված: Օրինակ՝ վերջին երկու տարիներին սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախությանը նվիրված միջոցառումների ռեժիսորական աշխատանքներով եմ զբաղվել: Այնպես որ, սրանք փոքրիկ օրինակներն են այն աշխատանքների մասին, որոնք կատարում եմ էկրանների հետևում»,- նշեց մեր զրուցակիցը:
«Թեև այս պահին էկրաններին չեմ երևում, բայց արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մի գաղափար ունենք, որի իրագործման փուլում ենք այժմ: Պետք է որոշակի համաձայնություններ տարվեն թե ֆորմատային, թե հեռուստաընկերության հետ կապված: Այդ իսկ պատճառով, մանրամասներ հայտնել դեռևս չեմ կարողանա»,-հավելեց Արտյոմը:
Ի դեպ՝ Արտյոմ Մարկոսյանն առաջինը Life.panorama.am-ին հայտնեց, որ այս պահին ուժերի մեծ մասը կենտրոնացրել է սպասվելիք մոնոներկայացման վրա, որը մինչ ամառ կներկայացնի հանդիսատեսին.
«Արդեն երկար ժամանակ է՝ մտածում ու աշխատում եմ մոնոներկայացման ուղղությամբ: Այս մասին լռում էի, մինչև հստակեցումներ լինեին, հիմա ևս չակերտներ շատ չեմ բացի, սակայն արդեն կարող եմ հայտնել, որ հետաքրքիր աշխատանք է սպասվում»,- պատմեց նա:
Հետաքրքրվելով, թե մոնոներկայացման շրջանակում ինչ թեմա է արծարծելու, պատասխանեց.
«Այն, ինչ նախատեսում եմ, նման չի լինի մինչ այս հանդիպած մոնոներկայացումներին: Սա չեմ ասում՝ ակնարկելով, թե այն ամենալավն է լինելու, պարզապես ֆորմատային ու մոտեցման առումով կտարբերվի: Թեմայի վերաբերյալ ևս չեմ խոսի, ուզում եմ հետաքրքրությունը պահպանվի: Կարող եմ նշել միայն, որ երգիծանքն ու իրականությունը կհամատեղեմ, որը կլրացվի երաժշտությամբ»:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում մոնոներկայացումները մոնոներկայացումենրը մոդայիկ են դարձել, ինչու ինքն էլ որոշեց գործել այդ ժանրում, Արտյոմ Մարկոսյանն արձագանքեց. Ն «Նախ ասեմ, որ այս ասպարեզում գործում եմ արդեն 20 տարուց ավելի ու նորեկ չեմ, որ թեկուզ այդ ժանրւմ մեծ փորձեր կատարեմ, սակայն մոնոներկայացմամբ առաջին անգամ եմ հանդես գալու, հուսամ, որ լավ արձագանքներ կլսեմ»: