Ամերիկացիների կեսից ավելին դժգոհ է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեության առաջին ամսվա արդյունքներից: Այդ մասին գրում է Hill թերթը՝ հղում անելով նոր հարցման տվյալներին: NBC News/Survey Money-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, այդ տեսակետն է հայտնել ամերիկացիների 54 տոկոսը այն դեպքում, երբ հարցվածների 43 տոկոսը, ընդհակառակը, հավանություն է տվել նոր նախագահի աշխատանքին:
Պարզվել է նաև, որ հարցման մասնակիցները դժգոհ են երկրի կառավարության աշխատանքից. 42 տոկոսը հայտարարել է, որ գոհ չէ նրանից, ևս 31 տոկոսը նշել է, որ այն զայրույթ է առաջացնում:
Յոթ երկրների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելման վերաբերյալ Թրամփի որոշումների կապակցությամբ կարծիքները գրեթե հավասար են բաժանվել. հարցվածների կեսը հավանություն է տվել այդ քայլին, 47 տոկոսը դեմ է արտահայտվել:
Հարցումն անցկացվել է փետրվարի 13-19-ին, դրան մասնակցել է ավելի քան 11,5 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: