Դերասանուհիներ Դիանա Մալենկոյին և Լիդիա Գրիգորյանին հաճախ են նմանեցնում իրար։ Tert.am Life–ը նրանց հետ խոսել է այդ նմանության մասին։ Պարզվեց՝ դերասանուհիները ևս մի նմանակ ունեն հայկական շոու բիզնեսում՝ դերասանուհի Անի Խաչիկյանը։
«Ինձ թվում է՝ հայկական ֆոնին մեզ նմանեցնում են, որովհետև երկուսս էլ սլավոնական արտաքին ունենք։ Եթե իսկապես նման ենք, միայն ուրախ եմ, որովհետև շատ–շատ եմ սիրում Լիդիային։ Ինձ համար նույնիսկ պատիվ է իրեն նման լինելը։ Ինքն ինձ համար Երևանի ամենասիրուն դեպքերից մեկն է»,– ասաց Դիանան ու հավելեց, որ եթե իրեն նմանեցնեին այնպիսի մեկին, ում չի սիրում, գուցե, նեղվեր, բայց այս դեպքում միայն ուրախ է։
«Ես նկարչուհի եմ և մարդկանց նմանեցնելու շատ մեծ ունակություն ունեմ։ Ինքս նմանեցնում եմ մեզ։ Կարծում եմ՝ մենք և՛ էներգետիկայով ենք նման, և՛ արտաքնապես՝ գունային գամմայով, դիմագծերով։ Թերևս, մեր արմատների համար էլ են նմանեցնում մեզ՝ Դիանայի պապիկն ուկրաինացի է, իմ տատիկը՝ ռուս»,– նշեց Լիդիան։
Շեքսպիրի «12–րդ գիշեր» ներկայացման մեջ Դիանան և Լիդիան զույգ քրոջ և եղբոր են մարմնավորել, որոնց միշտ շփոթում են։ «Բեմը հայելի է, որից ոչինչ չես կարող թաքցնել։ Նրանք, ովքեր մեզ բեմում տեսել են, ասում են, որ էներգետիկայով էլ ենք նման։ Այնպես չէ, որ մեզ խառնում են, բայց ներկայացումը դիտելուց հետո շատերն են հարցրել՝ զո՞ւյգ եք կամ բարեկամական կապ ունե՞ք»,– պատմեց Լիդիան։
Դիանան էլ նշեց, որ ամանորյա ներկայացման մեջ վարդագույն կեղծամներ էին դրել, երեխաները չէին հասկանում՝ ով ով է։
Թե՛ Դիանան, թե՛ Լիդիան նշեցին, որ իրենց հաճախ նմանեցնում են նաև դերասանուհի Անի Խաչիկյանին։
«Առօրյայում ինձ ավելի շատ Անի Խաչիկյանին են նմանեցնում։ Անին ևս իմ մտերիմ մարդկանցից մեկն է, շատ–շատ սիրուն աղջիկ է, իրեն էլ եմ շատ սիրում։ Ինքն էլ սլավոնական դեմք ունի։ Եթե անկեղծ, ինքս ինձ ավելի շատ Անիին եմ նմանեցնում, մի օր հեռուստացույցի ալիքները փոխելիս ինձ նույնիսկ թվաց՝ ես եմ, հետո հասկացա, որ գովազդում Անին է»,– ասաց Դիանան։
Լիդիան էլ նշեց, որ իրեն մի քանի անգամ հարցրել են՝ տվյալ ֆիլմում ի՞նքն է խաղում։ «Ես Անիին անձամբ չեմ ճանաչում։ Միայն ֆիլմում եմ տեսել։ Կարծում եմ՝ արտաքնապես նման ենք, էներգետիկայով չեմ կարող ասել։ Իհարկե, եթե, ըստ նկարչական կանոնների նմանեցնեք, նման չենք լինի, սակայն ընդհանուր առմամբ՝ նման ենք»,– ասաց նա։