Tert.am Life–ն այսուհետև կներկայացնի հարցազրույցների շարք՝ հայ հայտնիների ընտանիքի անդամների հետ։ Մեր առաջին զրուցակիցը երգիչ Սևակ Խանաղյանի մայրն է՝ տկն Նազիկը։ Նրա հետ խոսել ենք որդու մանկության ու հաջողությունների մասին։
Սևակի ծնողները 2 ամիս է՝ Հայաստանում էին՝ որդու գործունեությանը հետևելու և նրա երևանյան համերգներին ներկա լինելու նպատակով։
Տկն Նազիկը շատ ոգևորված է որդու հաջողությամբ և այն ընդունելությամբ, որին նա արժանանում է։ «Սրանից ուրախ, երջանիկ պահ ծնողի համար, երևի, չկա։ Ես սպասում էի, որ Սևակն այսպիսի հաջողության կհասնի, որովհետև մանկուց շատ էր սիրում երգը։ 7 տարեկան էր, ձեռքերը չէին հասնում սինթեզին, ձգվում էր, որ նվագեր։ 10 տարեկանից դպրոցի բոլոր միջոցառումներին երգում ու նվագում էր»,– պատմեց երգչի մայրը։
Տկն Նազիկը նշեց, որ հայտնիությունը Սևակին չի փոխել, ինչպես ժամանակին ռուսական միջավայրը չէր փոխել։ «Ինքը միայն դեպի լավ է փոխվել ամեն հարցում։ Այնքան շնորհքով է։ Այդքան ժամանակ Ռուսաստանում թեկուզ մենակ է մնացել, ոչինչ չի փոխվել։ Ինքը փոքրուց ինչպիսին կար, նույնպիսին էլ մնացել է։ Վստահ եմ՝ իրեն կյանքում ոչինչ չի փոխի»,– ասաց նա։
Սևակը մանկուց երաժշտական մթնոլորտում է մեծացել։ Հայրը նրան սովորեցրել է սինթեզատոր նվագել։ Հենց նրանից էլ Սևակը լսել է «Հին ֆայտոն» երգը, որը տարիներ անց ներկայացրեց իր լսարանին։ «Սևակը փոքր էր, հայրն անընդհատ երգում էր «Ֆայտոնը», իրեն շատ էր դուր եկել։ 2-3 տարի առաջ զանգեց, ասաց՝ ուզում եմ երգել այդ երգը»,– հիշեց տկն Նազիկը։
Տկն Նազիկն ասաց, որ մանկության տարիներին տղան շատ ուրախ, աշխույժ երեխա էր։ «Մանկուց շատ ակտիվ էր ու խղճով, բոլորն իրեն սիրում էին։ Վայն էն է՝ ընկերներից մեկին մի բան ասեին, պիտի, անպայման, իր թևի տակ վերցներ»,– ասաց նա ու հավելեց, որ որդին նաև հումորի սուր զգացում է ունի, որն, ի դեպ, դրսևորվում էր նաև բեմում՝ հանդիսատեսի հետ շփման ժամանակ։ «Շատ հումորով է։ 5 րոպե կանգնես կողքին, ծիծաղին չես դիմանա»,– նշեց նա։
Խոսելով թոռնիկի՝ 5–ամյա Բագրատի երաժշտական ունակությունների մասին՝ տկն Նազիկը մի միջադեպ հիշեց. «Վերջերս Բագրատին հարցրել են՝ ինչով ես ուզում զբաղվել, ասել է՝ ուզում եմ երգել։ Այդ պահին երգել է, Սևակը ձայնագրել է, ասում է՝ իր առաջին երգն է։ Ամեն դեպքում նա դեռ փոքր է իր նախասիրությունների մասին խոսելու համար, մայիսին 5 տարեկան կդառնա»։
Ամբողջությամբ՝ life.tert.am