Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը իր Facebook-յան էջ է տեղադրել Անդրիաս Ղուկասյանի նամակը իր դստերը:
Աղջիկս՝ սիրելիս, ես քեզ անչափ շատ եմ սիրում, պինդ եղիր և հոգատար մայրիկիդ նկատմամբ, ես շուտով կվերադառնամ, իսկ մինչ այդ ուղարկում եմ քեզ մի նոր հեքիաթ:
ՓՈՔՐԻԿ ԱՐԵՎԱՇՈՂՔԸ
Լինում է չի լինում մի Արևաշողք: Նա շատ չարաճճի էր, առավոտից երեկո վազվզում էր, ցատկոտում, սլանում տարբեր տեղեր, տների, ավտոմեքենաների պատուհաններից ներս նայում, մնում ամենահեռու անկյունները, մարդկանց հետ ուրախ կատակում: Նա կուրացնում էր մարդկանց, դեմ հանդիման վազում, շփոթեցնում, ինչպես կարող էր և խանգարում էր նրանց զբաղվել իրենց գործերով:
Մի անգամ Արևաշողքը վանդակաճաղերով լուսամուտ տեսավ: Ներս նայեց. դա փոքրիկ սենյակ էր՝ մետաղյա դռնով, որտեղ մի մարդ էր նստած՝ ակնոցով, մորուքով և երկար մազերով: Մարդն ինչ-որ բան էր գրում: Արևաշողքը ցատկեց ուղիղ նրա առջև դրված թղթի վրա և սկսեց շողշողալ արևի վառ լույսով: Մարդը ժպտաց և շոյեց Արևաշողքին: Վերջինիս, չգիտես ինչու, հետաքրքրեց այդ մարդը և նույնիսկ իր համար անսպասելի՝ հարցրեց.
– Ի՞նչ ես գրում:
– Գիրք:
– Ի՞նչի մասին:
– Այն մասին, թե ինչպես պետք է երկիրը կառավարել:
Արևաշողքն անկեղծորեն զարմացավ:
– Իսկ ինչի՞ համար կառավարել երկիրը:
– Որ երեխաները մեծանան երջանիկ ու առողջ, լավ կրթություն ստանան, որ մեծերը հաճույք ստանան իրենց աշխատանքից և բավականություն՝ հանգստից, որ տները, փողոցները, հրապարակները, իրերը, որոնցից օգտվում են մարդիկ, լինեն գեղեցիկ ու հարմար, և նրանք, ովքեր օգնության կարիք ունեն, միշտ կարողանան այն ստանալ, – պատասխանեց մարդը:
Արևաշողքը մտածմունքի մեջ ընկավ. չարաճճիություն անելիս նա շատ էր շփվում մարդկանց հետ և լավ գիտեր, թե ինչպես են ապրում նրանք:
– Իսկ ինչո՞ւ ես այդ գիրքը գրում:
– Մարդիկ, որ հիմա մեր երկիրն են կառավարում, չեն ուզում այդ ամենը: Նրանք ուզում են, որ լավ լինի միայն իրենց և իրենց երեխաների համար: Դրա համար էլ ինձ նստեցրել են այստեղ, որ չկարողանամ խոսել ուրիշ մարդկանց հետ:
– Ես քեզ օգնել եմ ուզում, բայց պիտի Արևի մոտ վերադառնամ, – ասաց Արևաշողքն ու անհետացավ:
Մի քանի օր նա թռչում էր դեպի Արևը, որովհետև այն շա՜տ-շա՜տ հեռու է Երկրից: Երբ մոտեցավ Արևին, տեսավ հրե հսկաներին՝ հրավիժակներին, որոնք մեծերին բնորոշ լրջությամբ զրուցում էին: Երբ նրանք մի պահ դադար տվեցին, Արևաշողքը դիմեց նրանց.
– Ես ուզում եմ օգնե՜լ մարդկանց, դա ինչպե՞ս անեմ:
Հրե հսկաները լռեցին, հետո նրանցից ամենատարեցն ասաց.
– Մենք մեր էներգիայով լցնում ենք բոլոր մոլորակներն ու կյանք տալիս այնտեղ եղած ամեն ինչին: Մենք ստեղծել ենք այդ աշխարհները, և դրանք են մեր էներգիան, սակայն մարդիկ պետք է իրենք իրենց օգնեն. մենք չենք կարող խառնվել նրանց գործերին: Նրանք պետք է գտնեն իրենց ուղին, սովորեն գնահատել, սիրել ու պահպանել այն, ինչ ունեն, և գլխավորը՝ հարգեն միմյանց: Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ մարդիկ կսովորեն ճիշտ վերաբերվել սեփական կյանքին:
Փոքրիկ Արևաշողքը շա՜տ տխրեց: Նա ասաց.
– Ես խոստացել եմ մի մարդու օգնել, բայց ստացվում է, որ ոչինչ չեմ կարող անել:
Հսկան պատասխանեց.
– Դու արդեն օգնել ես: Հույս ես տվել, հիմա էլ այդ մարդուն պետք է հավատ ու համոզմունք ներշնչես, որ ամեն ինչ լավ է լինելու:
Փոքրիկ Արևաշողքը ոգևորված հետ թռավ Երկիր: Նա այժմ հասկացել էր, որ իր իրական կոչումն է օգնել մարդկանց՝ ձեռք բերելու հավատ, հույս և սեր: