iravunk.am-ը գրում է. Արդեն մոտ կես տարի է, ինչ հեռուստադիտողը երգիչ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ «ճամփորդում» է տարբեր երկրներով ու բացահայտում աշխարհի ամենահետաքրքիր վայրերը՝ «Տնից հեռու» ծրագրի շրջանակներում: Այս անգամ երգիչը նախատեսել է մարտի 26-ից ապրիլի 2-ը իրականացնել դեպի Հնդկաստան իր երկրորդ տուրը: Ընդորում՝ Վ. Սարգսյանը որոշել է ոչ միայն բացահայտել Հնդկաստանի տեսարժան վայրերն, այլեւ հայ հեռուստադիտողների սիրելի հնդկական դերասաններին: Սակայն, առաջին շփումը, մեղմ ասած, երգչին ապշեցրել է, ինչի մասին անկեղծացավ «Իրավունքի» հետ զրույցում.
– Մտքիս կար նկարահանել մի քանի հնդկական սերալների դերասանների, որոնք պարզվում է՝ շատ հայտնի են մեր հանրության շրջանում: Ինքս չեմ ճանաչում դերասանուհի Ռաշամի Դեսային («Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիայի դերակատարին, – հեղինակ), քանի որ երբեք սերիալ չեմ դիտել իր մասնակցությամբ, բայց հասկանալով, որ նա շատ ճանաչված է, ցանկացա նկարահանել իրեն մեր ծրագրում: Սակայն, ստացա գնային պահանջ՝ 30 րոպե նկարահանման համար 48 հազար դոլլար… Շատ զարմացա, քանի որ անցած անգամ հանդիպեցի եւ նկարահանեցի լեգենդար Մանդակինիին («Պարիր, պարիր» հնդկական ֆիլմի հերոսուհուն, – հեղինակ), առանց գումար վճարելու:
-Վարդան, ամեն դեպքում, շարունակելո՞ւ եք փորձել բացահայտել Բոլիվուդը հայ հեռուստադիտողների համար եւ հնարավո՞ր է, որ Դուք էլ որոշեք նկարահանվել հնդկական ֆիլմերում:
– Դժվար թե ես նկարահանվեմ որեւէ ֆիլմում, բայց անդրադարձ հայտնի հնդկական դերասաններին պլաններում կան: Ընդհանրապես, շատ սիրում եմ բարդությունների միջով անցնել, դա ինձ ուժ է տալիս ու չի բացառվում, որ նույն այդ 48 հազար դոլլար պահանջող դերասանուհուն համոզեմ անվճար նկարահանվել իմ ծրագրում: Այնպես որ, ամեն բան հնարավոր է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ