ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հնդիկ գործարարը նախարարին ներկայացրեց իրենց գործունեության ընդհանուր բնութագիրն ու նպատակները, նշեց, որ համագործակցության նպատակով ուսումնասիրում են, թե ինչ զարգացումներ ունի Հայաստանը լոգիստիկայի բնագավառում։ Նա ընդգծեց, որ ցանկություն ունեն Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Հնդկաստանից Իրան և այլ ուղղություններով ու այդ աշխատանքներում ակնկալում են նախարարության աջակցությունը։
Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հնարավորություն ունի թե´ ավտոմոբիլային տրանսպորտով և թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Եվրոպա։ Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել գործընթացին և օժանդակել տրանսպորտային ուղու կազմակերպմանը։