Երբ սկսում ես ապրել ինքդ քեզ համար, անմիջապես փոխվում է կյանքը. Կարինա Առուստամյանն անկեղծանում է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Երբ սկսում ես ապրել ինքդ քեզ համար, անմիջապես փոխվում է կյանքը. Կարինա Առուստամյանն անկեղծանում է. life.panorama.am

Կարինա Առուստամյանն օրերս նշում էր 29-ամյակը: Երգչուհու համար նոր տարիքը հետաքրքիր ու անսովոր զգացողություններով է ուղեկցվել, որոնց մասին այսօր պատմել է Life.panorama.am-ին:

Որոշեցի կյանքիս երկրորդ տասնամյակը գեղեցիկ եզրափակել…

Տարիներ առաջ ինձ թվում էր, թե 30-ին մոտենալով, արդեն մեծ կին ես դառնում, բայց հիմա սրտանց ասում եմ՝ էս ինչ լավն եք դուք, 30-ին մոտ աղջիկներ: Հիմա հասկանում եմ, որ 20-25 տարեկանում մենք կյանքին նայում ենք վարդագույն ակնոցներով, մեկ շատ երազկոտ ենք, մեկ շատ ներվային, իսկ այս տարիքում ձեռք ես բերում իմաստություն ու լրիվ այլ մտածելակերպ: Ինձ հիմա լիարժեք եմ զգում, կյանքին շատ թեթև եմ սկսել նայել, սիրել կյանքն ու գնահատել ունեցածս ամեն վայրկյանը, ինձ ու հարազատներիս:

Ասես նոր կյանք եմ սկսել…

Հետաքրքիր զգացողություններ ունեմ: Կարծես նորից եմ սկսել ապրել: Օրինակ՝ հիմա ավելի եմ կարևորում խնամքովս զբաղվելը, առողջ ապրելակերպ վարելը, հիմա անգամ սննդակարգս եմ փոխել: Այս տարիքում կյանքը սկսել եմ ավելի ուրիշ կողմով գնահատել: 29-ում ինձ զգում եմ ավելի երիտասարդ, քան երբևէ: Հիմա արդեն գիտակցում եմ, որ ոչ թե մեկ տարով էլ մեծացա, այլ մեկ տարի էլ ապրեցի: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ կյանք ու առողջություն:

Այլևս չեմ մտածում, թե կողքից ինչ կասեն իմ  մասին…

Հայաստանում շատ ենք կարևորում, թե ինչ կասի հարևանը, բարեկամը, մեկը, մյուսը: Իմ մեջ էլ կար այդ երևույթը, բայց հիմա արդեն ամեն բան փոխվել է, այժմ ասում եմ, թող մարդիկ մտածեն, թե ես ինչ կասեմ նրանց մասին: Երբ սկսում ես ապրել ինքդ քեզ համար, անմիջապես փոխվում է կյանքը:

Արդեն մտածում եմ անձնական կյանքիս մասին…

Եթե այս տարիների ընթացքում անմնացորդ նվիրվել եմ աշխատանքիս, ապա հիմա նաև մտածում եմ անձնական կյանքս կարգավորելու մասին: Հիմա ուզում եմ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ ու այդ ամենի հետ հանդերձ՝ աշխատանքային նոր հորիզոններ գրավել:

Նրանից սպասելիքներս մեծ չեն…

Տարիքի հետ դառնում ես ավելի բծախնդիր, փոխվում են արժեքներդ և այլն: Բայց իմ մտքերի տղամարդը իդեալական չէ, համաձայն եմ այն մտքի հետ, որ ասում են՝ իդեալական տղամարդու չեն գտնում, դարձնում են: Ես երբեք չեմ վախեցել տղամարդուն սիրելով հանդերձ՝ դարձնեմ այնպիսին, ինչպիսին կցանկանամ կողքիս տեսնել: Հետևաբար, պատրաստ եմ նաև ինքս փոխվել ու դառնալ նրա իդեալների կինը: Իմ ունեցած ցանկությունը մեկն է՝ ուզում եմ իմ տղամարդն ինձնից ուժեղ լինի, ինձնից ամեն հարցում մի փոքր բարձր լինի, որ հենվեմ իր ուժեղ մեջքին: Ընտանիքին նվիրվածությունը ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Միշտ ասել եմ՝ մինչև շատ չսիրեմ լուրջ քայլերի չեմ գնա, իսկ շատ սիրելը կախված է տղամարդուց:

Եթե ժամանակը հետ տայի, կշտկեի…

Կյանքումս մի բան կա միայն, որ կուզեի շտկել՝ ժամանակին շատ միամիտ էի: Միաժամանկ, ոչինչ չէի փոխի, քանի որ այսօրվա մարդը դարձել եմ իմ անցած ճանապարհի շնորհիվ:

Ձեռքբերումներս շատ են ու շատ արժեքավոր…

Ձեռքբերումներիս գլխավոր շարքում ընտանիքս է, ովքեր ամեն հարցում կողքիս են եղել ու մինչ օրս ինձ հետ են: Նրանք ինձ չեն խանգարել, միայն ճիշտն ու սխալը մատնացույց անելով՝ թույլ են տվել ինքնուրույն որոշումներ կայացնել: Ինձ համար մեծ ձեռքբերում է նաև իմ բենդը, որը կյանքս փոխել է: Ձեռքբերումներիցս գլխավորը նաև սերն է իմ նկատմամբ, դա անասելի հաճելի զգացողություն է:

Աշխատանքները շատ են, հերթով պետք է իրագործել…

Էկրանային իմաստով շատերի կարծիքով դադար էինք վերցրել, բայց իրականում դեռ անցյալ տարի էինք տեսահոլովակ պլանավորել, որի իրականացումը անընդհատ ձգձգվում էր: Մենք խնդիր ունենք՝ առաջին հաջող փորձից հետո անել մի բան, որը կգրեազանցեր առաջինին ու կրկին կսիրվեր: Այս տարվա հետ կապված «The Band»-ը շատ ծրագրեր ունի. Վերջապես լույս կտեսնի մեր ձայնասկավառակը, նաև գարնանը կներկայացնենք մեր նոր տեսահոլովակը: Հիմա  սկսել ենք համագործակցել տաղանդավոր գործիքավորող Ջորջ Բրեշեյքերի հետ, նա և Հովսեփը սկսել են աշխատել մեր նոր երգի վրա, որը շուտով կներկայացնենք մեր հանդիսատեսին: Ջորջի հետ նոր նախագիծ ենք սկսել, որը լրիվ նորություն է մեր երկրում: Սրա մասին ևս ավելի ուշ կխոսենք, երբ կլինի այդ նախագծի շնորհանդեսը:

Հանրության կարծիքը զարմացնող էր:

Բոլորս էլ գիտենք, որ մեր ժողովուրդը մի փոքր դժվարությամբ է ընդունում, երբ ժողովրդական երգը փոփոխված վիճակում են տեսնում: Մեզ համար զարմացնող էր այն, որ չենք լսել և ոչ մի վատ արձագանք: Սա կրկնակի մոտիվացնող ուժ էր. Այսօր մեր որոշումը շատ հստակ է՝ շարունակելու ենք նույն տեմպով ու տրամադրվածությամբ: Երևի ժողովուրդը հասկացավ, որ այդ նախագծով մենք ոչ թե փորձում ենք փող աշխատել, այլ ժաղովրդական երգը տանենք ակումբներ, ինչը հաստատ ստացվեց մեզ մոտ: Անասելի հաճույք է, երբ մեր ակումբներում հնչում է զուռնան ու ակումբասեր հասարակությունը սկսում է ոտքի կանգնել:

Մեծանալով Հունաստանում, մեկ է, հայկականն է միայն գրավում…

Տարիներ առաջ, երբ ապրում էինք Հունաստանում, չնայած ծնողներիս ջանքերին, որ հայեցի դաստիարակություն ստանանք, մինևնույն է, մենք սկսել էինք արդեն օտար միջավայրում նրանցից մեկը դառնալ: Հենց այդ ժամանակ էլ ծնողներս որոշում կայացրեցին՝ վերադառնալ ու այստեղ ապրել: Հիմա հաստատ ասում եմ, որ անկախ նրանից, որ ես հայկական երաժշտություն շատ չէի լսել ու մեծացել էի եվրոպացիների շրջանում, միևնույն է, երբ այսօր լսում եմ զուռնա ու դհոլ, ոտքերս թուլանում են: Սա նշանակում է, որ մեր մեջ կա հայի գեն, որի դեմ ամեն բան անկարող է: Մեր երիտասարդությունն էլ ինչքան էլ ցույց տա, որ իրենք եվրոպացի են, մեկ է, մենք հայ ենք:



Նման նյութեր