Դերասանուհի Տաթև Սարգսյանը երեկ նշել է ծննդյան 25–ամյակը, ինչի կապակցությամբ ընկերների հետ հավաքույթ է կազմակերպել Երևանի ժամանցի վայրերից մեկում։ Tert.am Life–ի հետ զրույցում Տաթևն ասաց, որ տարեդարձի առթիվ ամենամեծ անակնկալն իրեն մատուցել են Շուշան Երիցյանը և Մերի Հակոբյանը։
«Կեսգիշերին Մերին և Շուշանը եկան մեր տուն՝ ինձ շնորհավորելու։ Ինձ համար դա շատ անսպասելի էր, ընդհանրապես պատրաստված չէի։ Որոշեցինք գնալ Երևանի ակումբներից մեկը և տոնել տարեդարձս»,– ասաց նա ու հավելեց, որ ընկերուհիների նվերն իրեն անակնկալի է բերել։
«Բոլորը գիտեն, որ փոքրիկ երազանքս էր այս տարի մեկնել Իտալիա։ Մերին և Շուշանն ինձ նվիրել են ուղեգիր դեպի Իտալիայի 7 քաղաք։ Ինձ դա շատ ուրախացրեց։ Կարծում եմ՝ հավատարիմ մարդկանց կողմից գնահատված լինելն ամենակարևոր բաներից է։ Գուցե շատերին չնչին բան թվա, բայց շատ հաճելի և ուրախ անակնկալ էր ինձ համար։ Գուցե այնպես ստացվի, որ միասին գնանք։ Շատ ավելի հաճելի կլինի»,– ասաց Տաթևը։
Դերասանուհին նշեց, որ տարեդարձի երեկույթին երկար չի նախապատրաստվել։ «Ես նույնիսկ մեկ շաբաթ առաջվանից չեմ պատրաստվել տարեդարձիս։ Հենց երեկ ցերեկն եմ պատվիրել տորթը, կողմնորոշվել, թե ուր կգնանք, սակայն լավագույն տարեդարձերիցս մեկն էր։ Երբ կյանքումդ ամեն ինչ ներդաշնակ է, հատուկ բաների հետևից չես ընկնում։ Կարծում եմ՝ այս տարիքում շատ ավելի կարևոր բան եմ ձեռք բերել՝ հավատարիմ մարդկանցով շրջապատված լինելը,– ասաց նա ու հավելեց, որ սկսում է վախենալ տարիքից։ –Ինձ թվում է՝ դեռ 20 տարեկան եմ:)»։
Դերասանուհին ևս մեկ օր կնշի տարեդարձը, այս անգամ՝ ընտանիքի անդամների հետ։
Ներդաշնակության հասած դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է անձնական կյանքը, որը ներդաշնակության կարևոր բաղադրիչներից մեկն է։ «Իմ կյանքում ամեն ինչ գեղեցիկ է։ Կարծում եմ՝ մարդու աչքերին նայելով կարելի է հասկանալ՝ անձնական կյանքում հասե՞լ է ներդաշնակության, թե՞ ոչ, բայց անձնականիս մասին խոսել չեմ ուզում»,– ասաց նա։
Տորթի մոմերը փչելիս Տաթևը պահել է նվիրական երազանք։ «Գլոբալ երազանք է, որը կարևորագույն տեղ ունի ինձ համար։ Վստահ եմ, որ կիրականացնեմ մինչև 26 տարեկան դառնալս։ Այս տարի ինձ ավելի նպատակասլաց եմ զգում։ Շարժիչ ինչ–որ ուժ կա՝ Աստծուց, տիեզերքից, իմ մտերիմներից, որը մի կոմբինացիա է դարձել։ Անհնար է այդ ամենը չիրականանա»,– եզրափակեց նա։