Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում պաշտոնապես բացվում է հռչակավոր կառնավալը: Ավանդական արարողության շրջանակներում քաղաքի խորհրդանշական, փայլուն քարերով զարդարված բանալին կհանձնեն Մոմո թագավորին՝ տոնի տիրոջը, որի դերի համար հատուկ ժյուրին ամեն տարի ընտրում է բարձրահասակ և գեր տղամարդու:
Հանդիսավոր իրադարձությանը կմասնակցեն այդ ներկայացման կուլտուրայի համար ևս մի քանի կարևոր գործող անձեր: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, կառնավալի թագուհուն, որը կհայտնվի առաջին և երկրորդ արքայադուստրերի ուղեկցությամբ:
Թեև կառնավելը պաշտոնապես բացվում է փետրվարի 24-ին, Ռիո դե Ժանեյրոն արդեն երկու շաբաթ է, ինչ ապրում է երաժշտության, պարերի և զվարճության մթնոլորտում: Բանն այն է, որ, ըստ ստեղծված ավանդույթի՝ դեռ նախքան «լիազորությունները» Մոմո թագավորին հանձնելը, քաղաքի պողոտաներում, առափնյակներում և հրապարակներում տեղի են ունենում զգեստավորված շքերթներ:
Եվ այնուամենայնիվ Ռիո դե Ժանեյրոյում կառնավալի կենտրոնական իրադարձությունը, որը նրան հռչակել է ամբողջ աշխարհում, մրցույթն է՝ սամբայի դպրոցների շքերթը, որը տեղի է ունենում քաղաքի կենտրոնում՝ «Մարքիզ դե Սապուկաի» սամբոդրոմում, որը 700 մետր հրապարակով ձգվում է երկկողմանի տրիբունաներով:
Յուրաքանչյուր կոլեկտիվի ելույթ կգնահատի ժյուրին, որը բաղկացած է հայտնի հասարակական գործիչներից, երաժիշտներից, արտիստներից, նկարիչներից, ճարտարապետներից և լրագրողներից:
Ամեն տարի կառնավալը Բրազիլիայի բյուջե լրացուցիչ եկամուտ է բերում զբոսաշրջիկների թվի զգալի մեծացման հաշվին: Ինչպես սպասվում է, բացվող տոնը բացառություն չի լինի: Riotur ընկերության, որը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի կառույցն է, նախագահ Մարսելու Ալվիսի կանխատեսումներով՝ 2017 թվականին այս քաղաքում կառնավալ կայցելի ավելի քան 1,1 միլիոն զբոսաշրջիկ: Տոնի հյուրերի՝ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացի բնակիչների ընդհանուր թիվը պետք է կազմի 5 միլիոն՝ 10 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ:
Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները և տեղացի բնակիչները, ովքեր կայցելեն կառնավալ, միագումար կերպով քաղաքին կբերեն 3 միլիարդ ռեալի (շուրջ 967 միլիոն դոլարի) չափով եկամուտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: