Եգիպտացի նկարչուհի Րիհամ Աֆիֆիի «Լեգենդների աշխարհում» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 24-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Պատկերագրքում ներկայացված են Հայաստան կատարած երեք ուղևորությունների արդյունքում ստեղծված հայաստանյան բնանկարները: Շնորհանդեսին ներկա էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրա հիմ Մուհամմադ Մաաթին:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Եգիպտոսից շատ հյուրեր ընդունեցինք, նրանց թվում էր նաև Րիհամ Աֆիֆին: Ենթադրում եմ, որ սիրեց Հայաստանը, հիացավ մեր տեսարժան վայրերով և իր սերն արտահայտեց նկարներով: Ստեղծեց լուսանկարների հետաքրքիր շարք, որոնք հետագայում դարձան գեղանկարներ: Գրքում մեր հուշարձանները, մեր եկեղեցիները, քաղաքներն ու գյուղերը, Արարատն ու Արագածն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Հրանուշ Հակոբյանը և Րիհամ Աֆիֆիին պարգևատրեց Արշիլ Գորկու մեդալով:
«Ես առաջին անգամ պատվիրակության հետ այցելեցի Հայաստան 2015թ-ի ապրիլին` ներկա գտնվելու պատմական հզոր մի միջոցառման: Այդ ժամանակ մտա Էջմիածնի տաճար ու ներկա գտնեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող պատարագին: Տեսա արցունքոտ աչքերով հայերի: Տեսա, որ հենց իմ առջևից ճանապարհ են բացում, որ ներս մտնի կաթողիկոսը: Քանի որ հենց իմ կողքով անցավ նա, ես զգացի, որ իմ առջև ինչ-որ բան անելու պարտավորություն կա: Եվ սա էր, որ ես կարող էի փոխանցել աշխարհին»- ասաց Րիհամ Աֆիֆին:
Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն ասաց, որ վերջին շրջանում իրենց առջև խնդիր էին դրել ի մի բերել բոլոր հայկական հուշարձաններն ու հրատարակել գիրք: Եվ այս գիրքը հաճելի զուգադիպություն էր: Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց Րիհամ Աֆիֆիին ոչ թե նրա համար, որ սիրում է Հայաստանը, այլ որ թույլ է տալիս, որ մենք մեզ նայենք մեկ այլ հայացքով: