ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: «Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները»,- այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգը։
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: