Մայիսին Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին Ավստրալիայի դրոշի գույները կպաշտպանեն երկու ներկայացուցիչներ: SBS հեռուստաընկերությունը Կիևում Ավստրալիայի պատվիրակի անունը պետք է հայտարարի հաջորդ շաբաթ, սակայն այստեղ հայտնի է դարձել, որ Դանիան Ուկրաինայի մայրաքաղաք կուղարկի երգչուհի Անյա Նիսենին, որը հաղթել էր «Dansk Melodi Grand Prix 2017» ազգային մրցույթում:
Փոփ-երաժշտության անվստրալացի երկրպագուների ճնշող մեծամասնությունը 21-ամյա Նիսենին համարում է իրենց երգչուհին. նա ծնվել է Դանիայից սերվածների ընտանիքում՝ Սիդնեյից ոչ հեռու գտնվող ոչ մեծ ֆերմերական քաղաքում: Մինչև վերջին ժամանակներս ապրում էր Ավստրալիայում և 2014 թվականին հաղթել է The Voice Australia ազգային երգի մրցույթում: Դեռ ավելին, երկու տարի առաջ նա հավակնում էր «Եվրատեսիլին» մասնակցել հենց Ավստրալիայից, բայց մրցույթի եզրափակիչում Վիեննա մեկնելու իրավունքը զիջել էր երգիչ Գայ Սեբաստիանին:
«Եվրատեսիլ»-ում Ավստրալիայի դեբյուտը տեղի է ունեցել հենց երկու տարի առաջ Վիեննայում և հաջողությամբ է պսակվել. Գայ Սեբաստիանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Անցյալ տարի Ստոկհոլմում ավստրալուհի Դեմի Իմը «Լռության ձայնը» երգով կարողացավ զբաղեցնել արդեն երկրորդ տեղը՝ զիջելով միայն ուկրաինուհի Ջամալային: Սակայն Եվրոպայի հեռարձակողների միությունը մշտապես նախազգուշացնում է, որ նույնիսկ Ավստրալիայի ներկայացուցչի հաղթանակի դեպքում հաջորդ տարվա մրցույթը, միևնույն է, կկայանա եվրոպական երկրներից մեկում: Ճիշտ է, իրադարձությունների նման զարգացման դեպքում SBS հեռուստաընկերությունն իրավունք կստանա դառնալ հաջորդ մրցույթի համակազմակերպիչ, որ երկրում էլ որ այն անցկացվի:
SBS-ն «Եվրատեսիլը» հեռարձակում է 1983 թվականից, ուստի ավստրալացի մասնակիցներին ընտրում են այդ հեռուստաընկերության ղեկավարությունը և ստեղծագործական կոլեկտիվը: Կիևում մրցույթի մասնակցի անունը կհայտարարվի մարտի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: