«Աբու Սայաֆ» ահաբեկչական իսլամիստական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է գերմանացի պատանդ 70-ամյա Յուրգեն Կ.-ի գլխատումը: Այս մասին հաղորդում է salamnews.org, հղում անելով Bild-ին:
Աղբյուրի տվյալների համաձայն` գրոհայինները Գերմանիայի քաղաքացուն ազատ արձակելու համար պահանջել են 30 միլիոն պեսո (մոտ 570 հազար եվրո):
«Չնայած անվտանգության ուժերի տևական ջանքերին` կիրակի օրվա երկրորդ կեսին Խոլո կղզում գլխատվել է գերմանացի պատանդը», – ասել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի խորհրդականներից մեկը:
Նշվում է, որ իսլամիստները տղամարդուն առևանգել են Ֆիլիպինների ափերին գտնվող զբոսանավից և գերության մեջ պահել 2016 թվականի նոյեմբերի 6-ից: Յուրգենի կինը` 59-ամյա Սաբինա Մ.-ն, սպանվել է:
Հայտնի է, որ «Աբու Սայաֆ» ահաբեկչական իսլամիստական խմբավորումը հիմնադրվել է 1990-ականների սկզբին` «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա Բեն Լադենի տրամադրած միջոցներով:
«Աբու Սայաֆ»-ը հայտնի է շորթումների, առևանգումների և դաժան մահապատիժների դեպքերով: «Աբու Սայաֆ»-ը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: