Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ առաջիկայում Հայաստանի և Եվրոպական Միության միջև կմեկնարկի վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում: Այս մասին ՀՀ Նախագահը նշել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում:
«Անդրադարձանք տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին: Ակնկալում ենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում և մեծապես կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Ինչպես գիտեք, մեր համագործակցության առանցքը Հայաստանում իրականացվող բանակցություններն են: Եվրամիությունը Հայաստանի անկախության 25տարիների ընթացքում մշտապես եղել է մեր կողքին և տրամադրել էական ֆինանսական, տ եխնիկական և բարոյական աջակցություն, որի արդյունքը տեսանելի է ամենատարբեր բնագավառներում»,- ասել է ՀՀ Նախագահը՝ ավելացնելով, որ բարեփոխվել են հանրային կառավարման, արդարադատության, գյուղատնտեսության, վիճակագրության, պետական գնումների ոլորտները,աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար կատարելագործվել է միջին մասնագիտական կրթության ոլորտը և բերալավվել է Հայաստանի գործարար ու ներդրումային միջավայրը:
«Մենք վճռական ենք առաջ մղելու այս փոխգործակցությունը վերոհիշյալ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նոր ձեռքբերումներ գրանցելու համար: Շնորհակալ եմ այս աջակցության համար»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը: