Ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի՝ Երևանում մարտի 5-ին նախատեսված համերգը չի կայանա: Կազմակերպիչները հայտարարում են, որ չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման։
«Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերության պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև մարտի 5-ը։ Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել։
Իրինա Ալեգրովայի պաշտոնական կայքէջում հայտարարություն է զետեղված, որ իր համերգը հետաձգվում է տեխնիկական խնդիրների պատճառով։
«Հարգելի հանդիսատես, մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալեգրովայի համերգը տեխնիկական պատճա ռներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնմամբ մոտենալ առաջացած հանգամանքներին, և հույս ունենք, որ Ալեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա: Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար»,-ասված է Իրինա Ալեգրովայի ադմինիստրացիայի տարածած հայտարարությունում: