Գերմանաբնակ օպերային երգիչ Վազգեն Ղազարյանն ուրախալի նորություն ունի: Asekose.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ հոկտեմբերին ելույթ է ունենալու Նյու Յորքի աշխարհահռչակ «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնում: Թեպետ Վազգեն Ղազարյանն առաջին հայ օպերային երգիչը չէ, որ այդ պատվին է արժանանում, սակայն սա հայկական օպերային արվեստի ներկայացուցիչների համար հերթական մեծ նվաճումն է:
«Գերմանիայում, որտեղ ապրում և աշխատում եմ, ինձ լսեց «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնի քասթինգ տնօրեններից մեկը, հավանեց և հրավիրեց Նյու Յորք, որպեսզի արդեն մեծ բեմում մնացած ղեկավարությունն էլ լսի: Այդ լսումից հետո առաջարկեցին 17/18 խաղաշրջանում մասնակցել Բելլինիի «Նորմա» օպերային: Ֆուտբոլային լեզվով ասած` օպերային երգչի համար «Մետրոպոլիտեն-օպերա»-ում երգելը նման է ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Բարսելոնա» թիմերում խաղալուն (ժպտում է)»,- ասաց բաս Վազգեն Ղազարյանը` հավելելով, որ փորձերի և բուն ներկայացման համար տևական ժամանակ կլինի Նյու Յորքում:
Զրույցի ընթացքում Վազգեն Ղազարյանը նշեց, որ այս հրավերը ստանալուց հետո ստիպված է եղել դուրս գալ Էրֆուրտի օպերային թատրոնից, քանի որ ժամանակի սղություն կա, բացի այդ պետք է կենտրոնանա առաջիկա ելույթների վրա «Մետրոպոլիտեն-օպերա»-ում»: Երգիչը ցավով նշեց, որ առաջիկայում Երևանում ելույթ ունենալու մասին ևս խոսք գնալ չի կարող, իսկ վերջին անգամ Հայաստանում եղել է 2015-ին, թեպետ հույս ունի, որ այս ամռանն հայրենիքում լինելու հնարավորություն կունենա:
Վազգեն Ղազարյանն անկեղծացավ նաև Գերմանիայում ապրելու դրական և բացասական կողմերի մասին:
«Գերմանիայում շատ բաներ են դուրս գալիս, բայց չէի ասի, որ հարազատ է դարձել: Կարելի է ասել, որ ապրելու համար ամենալավ երկրներից մեկն է, թեպետ մեր հայկական խառնվածքի համար մի քիչ դժվար է, բայց մյուս կողմից էլ աշխատելը շատ հարմար է, քանի որ շատ բծախնդիր են ու ճշտապահ: Օրինակ` հիմա ռուսական թատրոններից մեկից հրավեր եմ ստացել, բայց համոզված չեմ, որ կընդունեմ այդ հրավերը, որովհետև զգում եմ, որ իրենք չեն կարողանում ուրիշի ժամանակը հարգել, ժամանակին տեղեկություն չեն տրամադրում»:
Անդրադառնալով Գերմանիայում ապրելու և աշխատելու հարմարավետությանը ֆինանսական տեսանկյունից` Վազգենը Ղազարյանն ասաց.
«Գերմանիայում աշխատելով շատ բաներ կարող եմ ինձ թույլ տալ, բայց, իհարկե, «Մետրոպոլիտեն»-ի հոնորարներն անհամեմատ բարձր են: Ֆինանսական կողմից բացի, Գերմանիայում 10 տարի երգելով` իմ երգացանկում մոտ 60 դեր կա: Հայաստանում և նախկին ԽՍՀՄ տարածքում, ոչ մի թատրոն այսպես ինտենսիվ չի աշխատում: Բայց սա Գերմանիան է, իրենք աշխատել սիրում են (ժպտում է)»:
Այն հարցին` թե իր կարծիքով, եթե մնար Հայաստանում ի՞նչ կլիներ, հաշվի առնելով, որ կարծրատիպերից մեկի համաձայն` օպերային երգիչներն այստեղ ապագա չեն ունենում և լճանում են, պատասխանեց.
«Գիտեմ, որ Հայաստանում հրաշալի օպերային երգիչներ կան` իմ նախկին համակուրսեցիները և գործընկերները: Եթե իրենք կարողանում են Հայաստանում աշխատել, թերևս, ես էլ կկարողանաի, բայց իմ կյանքն ուրիշ ձևով դասավորվեց: Փորձում եմ մեղմ լինել, չեմ ուզում դրսում ապրելով քննադատել Հայաստանը, ուզում եմ հավատալ, որ լավ կլինի»:
Վերջում Վազգեն Ղազարյանն անդրադարձավ նաև անձնական կյանքին` պարզաբանելով, թե ինչու դեռ չի ամուսնացել:
«Գերմանացու հետ դժվար կարողանամ ամուսնանալ, հոգեկերտվածքի տարբերությունը շատ է, իսկ Հայաստան շատ հաճախ և երկար ժամանակով չեմ կարողանում գալ»: