Մալայզիայի դատախազությունը որոշել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեղադրանքներ առաջադրել այն երկու կանանց, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին այդ գործով:
Եթե դատարանը ճանաչի նրանց մեղքը, ապա կանանց մահապատիժ է սպասում, հայտնել է երկրի գլխավոր դատախազ Մոհամեդ Ափանդի Ալին, տեղեկացնում է BBC-ին:
Հետաքննության համաձայն՝ կանանց մեղադրում են այն բանում, որ նրանք Մալայզիայի օդանավակայանում VX թունավոր նյութ են փոշեցրել Կիմ Չեն Նամի դեմքին: Այդ քիմիկատը խիստ նյարդակաթվածահարական ազդեցություն ունի:
Սպանության տեսագրության մեջ, որը հայտնվել է զանգվածային լրատվամիջոցներում, երևում է, թե ինչպես են բաց գույնի պիջակով և ջինսով տղամարդուն մոտենում երկու կանայք և ինչ-որ բան նետում նրա դեմքին: Այնուհետև տղամարդը մոտենում է օդանավակայանի աշխատակիցներին, ինչից հետո նա վատանում է:
Հավելենք, որ Մալայզիայի իշխանությունները Կիմ Չեն Նամի սպանությանը մասնակցության մեջ կասկածում են տասը մարդու, ներառյալ Քուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպանության բարձրաստիճան մի աշխատակցի: Հարավային Կորեայում կարծում են, որ կասկածյալներից առնվազն չորսը հյուսիկորեական լրտեսներ են: