Երևանի «Ալաշկերտ»-ի ֆուտբոլային պատվիրակությունը վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ Հայաստանի չեմպիոնը տասնօրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել: Ինչպես տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, թիմը համալրվել է մի քանի ֆուտբոլիստներով:
Դեռևս ամերիկյան հավաքի ընթացքում ակումբը պայմանագիր էր ստորագրել դոմինիկացի Լեստեր Ստեֆան Պելտիերի հետ: «Ալաշկերտ»-ը համալրել են նաև Բելառուսի «Գոմել»-ից վերադարձած Զավեն Բադոյանը, Ացամազ Բուրաևը, ով առաջնության աշնանային հատվածում հանդես էր գալիս էր «Բանանց»-ում և ևս մեկ սերբ լեգեոներ՝ Սաշա Ֆիլիպովիչը:
24 ամյա այս ֆուտբոլիստի վերջին ակումբը սերբական «Նապրեդակն» էր, որի հետ «Ալաշկերտ»-ը ստուգողական հանդիպում է անցկացրել անթալյան հավաքի ժամանակ:
Փետրվարի 28-ին «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները հանգստանում են, իսկ վաղը կվերսկսեն մարզումները:
Ամերիկյան հավաքի շրջանակում «Ալաշկերտ»-ը նաև երեք միջազգային ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով «Լոս Անջելես Գելեքսի»-ի (0:2), «Վենտուրա Քոունթի Ֆուժըն»-ի (0:1) և «Ռեալ Սոլթ Լեյք»-ի (1:2) հետ: