«Վա՜խ, էրեխես». Նար-Դոսի փողոցում կնոջ սիրեկանի կողմից դաժանաբար սպանված տաքսիստի վերջին խոսքը. 1in.am
Advertisement 1000 x 90

«Վա՜խ, էրեխես». Նար-Դոսի փողոցում կնոջ սիրեկանի կողմից դաժանաբար սպանված տաքսիստի վերջին խոսքը. 1in.am

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Վահրամ Վ.-ի գործի դատական քննությունը:

Վահրամ Վ.-ն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 1-ին, ժամը 14-ի սահմաններում Երևանի Նար-Դոսի ու Վարդանանց փողոցների հատման մասում Վահրամ Վ.-ն անձնական լարված հարաբերությունների պատճառով իջել է իր վարած «Նիվայից», մոտեցել է  «Ֆորդ» մանիշի տաքսու ղեկին նստած Արսեն Խ.-ին: Բաց պատուհանից նա փայտե մահակով՝ «բիտայով» հարվածներ է հասցրել Արսենին, ապա դանակով երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին՝ սրտի շրջանին՝ պատճառելով սրտի, սրտապարկի վնասում:

Այնուհետև Վահրամը հեռացել է դեպքի վայրից:

Արսեն Խ.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է:

Վահրամը Արսենին ճանաչել է 2011 թվականից: Արսենը տաքսի-ծառայություն էր բացել, և Վահրամը այդ ծառայությունում աշխատել է որպես վարորդ: Տաքսի-ծառայությունում որպես հեռախոսավարուհի աշխատել է Արսենի կինը՝ Ալլան (անունը փոխված է):

Ալլան ու Արսենը ամուսնացել էին 2008  թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում երեք անչափահաս երեխաներ ունեին՝ 7, 6 և 5 տարեկան:

Ամուսին ու երեք անչափահաս երեխաներ ունենալը Ալլային չի խանգարել ինտիմ հարաբերությունների մեջ մտնել որպես վարորդ իրենց տաքսի-ծառայությունում աշխատանքի ընդունված Վահրամ Վ.-ի հետ:

Վահրամը երկար չի աշխատել տաքսի-ծառայությունում: Նա ազատվել է աշխատանքից:

Վահրամը, իր հերթին, քաղաքացիական ամուսնության մեջ է մեկ այլ կնոջ՝ Լյուսյայի հետ (անունը փոխված է), նրանց խնամքին մեկ անչափահաս երեխա կա` 2014 թվականի ապրիլին ծնված: Վահրամը չի հասցրել իր երեխայի հայրությունը ճանաչել…

Արսեն Խ.-ն իմացել է կնոջ՝ Ալլայի, ու Վահրամի կապի մասին: Նա սկսել է հետապնդել Վահրամին՝ միաժամանակ կնոջից փաստացի ամուսնալուծվելով, բայց նրան պահելով իր կողքին:

Արսենի կինը՝ Ալլան, Վահրամի հետ նույնիսկ մեկնել է Մեղրի՝ ժամանակ անցկացնելու: Հետագայում ամուսինն իմացել  է այդ մասին: Դրանից հետո Ալլան հաղորդում է տվել Մեղրիի ոստիկանությունում, իբր՝ Վահրամ Վ.-ն առևանգել էր իրեն, հասցրել Մեղրի ու այնտեղ բռնաբարել էր:

Այդ հաղորդումը ստուգվել ու չի հաստատվել:

Այնուհետև Ալլան մի անգամ էլ՝ արդեն Երևանում է հաղորդում ներկայացրել, թե Վահրամ Վ.-ն դանակահարել է իրեն: Քննությամբ պարզվել է, որ Վահրամը մատնանշված օրն ընկերոջ հետ գտնվել է բոլորովին այլ վայրերում, Ալլային չի հանդիպել, Ալլան ինքն էր իրեն դանակահարել, իսկ Վահրամի դեմ սուտ մեղադրական հաղորդում էր տվել, չի բացառվում՝ ամուսնու պահանջով: Սուտ մատնություն կատարելու համար Ալլան դատվել  է:

2015 թվականի օգոստոսի 31-ին Արսեն Խ.-ն իր տաքսի-ծառայության գրասենյակում հանդիպել և դաժան ծեծի է ենթարկել Վահրամին: Երբ վերջինս եղել է անգիտակից վիճակում, Արսենը միզել է նրա վրա, ծեծն ու մնացած գործողությունները տեսանկարահանել է, ապա ունեցած նյութերով սկսել է վարկաբեկել Վահրամ Վ.-ին, հայտարարել է, թե «փչացրել է» նրան:

Ծեծված Վահրամին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա երկու օր բուժվել է, բայց Արսենի դեմ բողոք չի ներկայացրել, Արսենը քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Այս ամենի հետևանքով ծայրահեղ լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արսեն Խ.-ի հետ, Վահրամը մտածել է, որ Արսենը շարունակում է հետապնդել իրեն:

Դեպքի օրը Վահրամն իր վարած մեքենան՝ սև գույնի «Նիվան», որը օրավարձով վերցրել ու որպես տաքսի էր վարում, տարել է ընկերոջ մոտ՝ նորոգելու: Փողոցում նկատել է իրեն հետևող Արսեն Խ.-ին: Վերջինս փորձել է հեռանալ, բայց Նար-Դոսի ու Վարդանանց փողոցների հատման մասում Վահրամը մեքենայով փակել է Արսենի մեքենայի ճանապարհը, իր մեքենայի մեջ գտնվող «բիտան» վերցրել, իջել ու մոտեցել է Արսենի մեքենային: Վերջինս չի հասցրել դուրս գալ մեքենայից, նստած է եղել վարորդի տեղում, պատուհանը բաց է եղել: Նա փորձել է փակել պատուհանը, պաշտպանվել, բայց չի հասցրել:

Վահրամը նախ «բիտայով» է հարվածներ հասցրել Արսենին, ապա դանակի երկու հարված է հասցրել նրա սրտի շրջանում…

Դեպքի վայրում գտնվել է Վահրամի ընկերը, ով չի խանգարել Վահրամին…

Դեպքից հետո Վահրամը հանդիպել է փաստական կնոջը, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել է կատարածը…

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Ներկայացել էր վկա Սամվել Ռ.-ն, ով դեպքին ականատես էր եղել ու դանակահարված տուժողին իր մեքենայով անմիջապես հասցրել էր «Արամյան» բժշկական կենտրոն:

Վկան ամբաստանյալին չճանաչեց, ասաց, որ չի ճանաչում նաև տուժողի իրավահաջորդ Արմենակ Խ.-ին:

Վկան նշեց, որ դեպքի օրը ինքը քրոջ «Նիսան Մարչ» մեքենայով կանգնած էր Նար-Դոսի ու Վարդանանց փողոցների հատույթում՝ կարմիր լույսի տակ:

Հանկարծ մի սև «Նիվա» ազդանշան տալով ու խախտումներ անելով, այնպես որ՝ այդ պահին բոլորի ուշադրությունը սևեռվել էր այդ մեքենայի վրա, ձախ կողմից վազանցել է վկայի մեքենային ու կանգնել է նրա մեքենայի առաջ կանգնած բաց գույնի, «Ֆորդ» մակնիշի տաքսի մեքենայի առաջ՝ փակելով նրա ճանապարհը:

«Նիվայի» վարորդի տեղից իջել է չսափրված մի տղա, ում ձեռքին «դուբինկա» էր կամ փայտ: Նա մոտեցել է տաքսուն, հարվածել է տաքսու վարորդին: Վերջինս փորձել է պաշտպանվել, չնայած շոգ էր, նա փորձել է փակել պատուհանը… Մի պահ նրան հարվածողը պատուհանից կիսով չափ դեպի մեքենայի ներսն է մտել… Հետո նա «հանգիստ քայլերով» հեռացել է:

Անմիջապես բացվել է տաքսու ՝վարորդի կողմի դուռը, վարորդը «քիթ-բերանի վրա» գետնին է ընկել:

Ըստ վկայի՝ դեպքի վայրում 20-30 մարդ էր հավաքված, բայց երբ ինքը, նկատելով, որ տաքսու վարորդը արյունոտ վերք ունի, խնդրել է՝ օգնեն, այդ հաղթանդամ տղամարդուն կանգնած մեքենաներից մեկի մեջ դնեն ու տանեն հիվանդանոց, բոլորը հեռացել են. «20 վայրկյան հետո կողքիս մարդ չկար… Ընկածը ջանով տղա էր, ես չէի կարող նրան մենակ տեղափոխել իմ մեքենան, դրա համար նրան խնդրեցի՝ եթե ուժ կգտնես մեջդ, ինձ օգնի, որ կարողանամ քեզ իմ մեքենան դնել ու հիվանդանոց հասցնել: Էդ տղեն ուժ գտավ, ինձ օգնեց՝ ինչքան կարողացավ: Ես նրան ուղղակի գցեցի իմ մեքենայի հետևի նստատեղին… Հետո իմ մեքենան խախտումներով քշել եմ ու, իմ կարծիքով, երկուսուկես րոպեում հասել եմ «Արամյան» բժշկական կենտրոն: Էնտեղ նրան իջացրի պատգարակի վրա, տարան ներս… Մոտ մեկ ժամ անց զանգեցի բժշկական կենտրոն, ասին՝ էդ տղեն մահացել է… Երբ տանում էի հիվանդանոց, նրան հարցրի՝ քեզ խփողին ճանաչո՞ւմ ես: Ասաց՝ չէ: Ու անընդհատ կրկնում էր. «Վա՜խ, էրեխես, վա՜խ, էրեխես»:

Վկան, պատասխանելով կողմերի հարցերին, հիշեց, որ դեպքի վայրում «Նիվայից» երկու կամ երեք հոգի էին իջել: Նա նորից պնդեց, թե դանակ չի տեսել տաքսու վարորդին հարվածողի ձեռքին: Բայց որ տաքսու վարորդը դանակահարված է՝ հասկացել է նրա վնասվածքի բնույթից ու հոսող արյունից. «Իմ մեքենայի հետևի սիդելնու վրա մոտ հինգ լիտր արյուն էր լցվել՝ մինչև էդ տղուն հասցրի հիվանդանոց… Բացի դրանից՝ էդ տղեն էլ ասավ, որ իրեն դանակով են խփել՝ սրտին են խփել… Ես հասկացա, որ վայրկյան չունեմ, պիտի շուտ հասցնեմ հիվանդանոց: Բայց էդ տղեն ընթացքի ժամանակ ուզում էր դուրս նետվի իմ մեքենայից, ես մի ձեռքով ղեկն էի պահում, մյուս ձեռքով՝ նրան, նա մտածում էր երևի՝ եթե դուրս գցի իրեն՝ կփրկվի: Մի պահ էլ ասավ՝ աչքերիս առաջը սևացել ա, բան չեմ տեսնում… Ասի՝ մի 30 վայրկյան էլ համբերի, հիվանդանոց հասցնեմ, սաղ կմնաս… Ասում էր՝ ես մեռնելու եմ, հաստատ մեռնելու եմ… Որտեղի՞ց գիտեր՝ ի՞նչ իմանամ… Տարա հիվանդանոց, բայց նա մեռավ… Իրա ճակատագիրն էր երևի՝ պիտի գնար…  Ասում էր՝ վա՜խ, էրեխես, վա՜խ էրեխես…»:

Դատարանը հրապարակեց տուժողի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա նշել էր, թե տաքսու առաջը կտրած սև «Նիվայից» երկու հոգի էին իջել՝ 25-27 տարեկան տղաներ, երկուսի ձեռքին էլ փայտեր կային, երկուսն էլ մոտեցել ու հարվածել էին տաքսու վարորդին… Վերջինս փորձել էր պաշտպանվել… Իսկ երբ հարվածողները հեռանում էին, ինքը նրանցից մեկի ձեռքին տեսել է արյունոտ դանակ…

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց՝ եթե այն ժամանակ ասել է, թե դանակ է տեսել հեռացողի ձեռքին, ուրեմն տեսել է: Այդ տղան իր մեջ տպավորվել է չսափրված կերպարանքով…

Գործով ևս երկու վկաներ կան, մեկը հենց տուժողի կինն ու ամբաստանյալի նախկին սիրուհի Ալլան է, ով դատարան չի ներկայանում: Նրա՝ ծանուցված լինելու մասին դատարանը հավաստագիր չէր ստացել: Ալլայի հայրական տան հասցեն, որտեղ ներկայումս նա բնակվում է, դատարանը նույնիսկ ճշտել էր ընտրողների ցուցակով…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը միջնորդեց վկա Ալլային բերման ենթարկելու որոշում կայացնել, քանի որ նա նախաքննության ընթացքում էլ նույն վարքագիծն էր դրսևորում՝ խուսափում էր քննությունից: Բայց դատարանը որոշեց մեկ անգամ ևս ծանուցել երկու վկաներին, հավաստագիր ունենալու դեպքում, եթե նրանք դատարան չներկայանան, կայացնել բերման ենթարկելու որոշում:

Արդյունավետ դատական քննություն անցկացնելու նպատակով, լսելով կողմերի կարծիքները, դատարանը փոխեց ապացույցների հետազոտման կարգը, հետազոտեց գործում առկա փաստաթղթերը, փորձաքննությունների եզրակացություններն ու իրեղեն ապացույցները:

Քրեական գործը բաղկացած է 3 հատորից:

Վահրամ Վ.-ն ինքնակամ ոստիկանության Մարաշի բաժանմունք էր ներկայացել դեպքից մեկուկես ժամ հետո՝ ժամը 15-ն անց 30-ին: Նա խոստովանել էր կատարածը և ներկայացրել էր հանցագործության գործիք դանակը՝ արծաթագույն,  21,5 սմ ընդհանուր և 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի, գաղտնի փականով:

Դանակը, ինչպես նաև մյուս գործիքը՝ «բիտան», ճանաչվել էին իրեղեն ապացույց, կցված էին քրեական գործին: Դրանք դատարանում զննվեցին:

Քրեական գործում առկա էր այս ողբերգության բուն պատճառի՝ տուժող Արսեն Խ.-ի կնոջ՝ Ալլա Ա.-ի վերաբերյալ դատավճիռը՝ կայացված Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝  2015 թվականի հոկտեմբերի 8-ին:

25-ամյա Ալլան մեղադրվել է մի քանի դրվագով սուտ մատնություն կատարելու համար: Ըստ այդ դատական ակտի՝ 3 անչափահաս երեխաների մայր Ալլան նույնիսկ 7 օր կալանքի տակ էր եղել՝ 2015 թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 9-ը: Այնուհետև նա գրավով ազատ էր արձակվել:

Ըստ դատական ակտի՝ Ալլա Ա.-ի ամուսնու ընտանիքին պատկանել է տաքսի ծառայություն, որի մեքենաների վարորդների կողմից թույլ տրված վարչական իրավախախտումների հետ կապված՝ Ալլան հաճախ գնացել է ճանապարհային ոստիկանություն և ստացել է անհրաժեշտ տեղեկատվություն: Նա ծանոթացել է ոստիկանության մի աշխատակցուհու հետ: 2014 թվականի ընթացքում Ալլան իր և ամուսնու՝ այս գործով տուժող Արսենի ծանոթներին ասել է, թե ընկերուհին աշխատում է ճանապարհային ոստիկանությունում, ինքը նրա միջոցով կարող է տուգանքները վճարել… կես գնով: Այդ պատրվակով Ալլա Ա.-ն ինչպես անձամբ, այնպես էլ ամուսնու միջոցով ծանոթ վարորդներից վերցրել է գումարներ՝ ընդհանուրը՝ մոտ 1 միլիոն դրամի չափով, և խարդախությամբ հափշտակել է այդ գումարները:

2014 թվականի հոկտեմբերի 8-ին Ալլան ոստիկանությունում ակնհայտ սուտ հաղորդում է տվել, իբր՝ ծանոթ վարորդներից վերցրած  1 միլիոն դրամը հանձնել է ճանապարհային ոստիկանության ծանոթ աշխատակցուհուն՝ Լ. Կ.-ին, ու վերջինս, տուգանքները չվճարելով, հափշտակել է այդ գումարը:

Քննությամբ պարզվել է, որ Ալլան սուտ մատնություն է կատարել, գումարները իրականում հափշտակել է ինքը…

Բացի այդ, Ալլան 2015 թվականի մարտի 13-ին, ժամը 16-ի սահմաններում, գտնվելով ամուսնու՝ Արսեն Խ.-ի մեքենայի մեջ, հերթական անգամ վիճաբանել է նրա հետ՝ այս գործով ամբաստանյալ Վահրամ Վ.-ի հետ ունեցած ինտիմ կապի պատճառով: Վիճաբանության ընթացքում, ըստ դատական ակտի, Ալլան մեքենայի մեջ, իր հետ վերցրած դանակով հարված է հասցրել իր իսկ կրծքավանդակի շրջանին, ստացել է ծանր վնասվածք: Նա դուրս է եկել ամուսնու մեքենայից: Պատահական մի մեքենա, նրան վնասվցս է եկել ամուսնու մեքենայից: Պատահական մի մեքենա, նրան վնասվցած տեսնելով, հասցրել է հիվանհասցրել իր իսկ կրծքավանդակի շրջանած տեսնելով, հասցրել է հիվանդանոց: Այնտեղ գնացած ոստիկանության աշխատողին Ալլան, ցանկանալով վրեժ լուծել նախկին սիրեկան Վահրամ Վ.-ից, ասել է, թե իրեն դանակով հարվածել է Վահրամ Վ.-ն: Վերջինիս կալանքի տակ են առել, երկու օր պահել են, բայց պարզվել է, որ նա Ալլայի դանակահարման ժամանակահատվածում այլուրեքություն ունի, նա չի դանակահարել: Ալլան ստիպված է եղել խոստովանել, որ ինքն է դանակով վնասել իրեն ու Վահրամ Վ.-ին ակնհայտ սուտ մեղադրել է՝ վրեժ լուծելու նպատակով…

Ալլա Ա.-ի արարքների հանրային վտանգավորությունը նկատի ունենալով՝ ընդհանուր իրավասության դատարանը, նշելով հանդերձ, որ նրա խնամքին երեք անչափահաս երեխաներ կան, նրան մեղավոր է ճանաչել  երկու դրվագով սուտ մատնություն կատարելու համար և վերջին հաշվով դատապարտել է 1տարի 5 ամիս 23 օր իրական ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Ալլա Ա.-ի շահերի հանրային պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, նրան իրական ազատազրկման չդատապարտել, բայց վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի բողոքը, 2015 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ դատավճիռը թողել է անփոփոխ:

Կրե՞լ, թե՞ չի կրել Ալլան դատավճռով սահմանված պատիժը, տվյալ դեպքում՝ Վահրամ Վ.-ի գործի քննության շրջանակներում, էական չէ: Բայց էական է, որ վերաքննիչ դատարանի որոշումից կես տարի հետո՝ 2016 թվականի հունիսի 1-ին օրը ցերեկով, բանուկ փողոցի մեջտեղում Ալլայի նախկին սիրեկան Վահրամ Վ.-ն դանակահարել ու սպանել է նրա փաստացի ամուսնուն՝ Արսեն Խ.-ին՝ իր արարքը բացատրելով հետապնդումներից ազատվելու ցանկությամբ… Իրոք որ՝ «Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու…»:

Դատական հաջորդ նիստին դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը, եթե նրանք ներկայանան: Ամբաստանյալը կհարցաքննվի դատաքննության ավարտական փուլում:

1in.am