Իրանի պետական ԶԼՄ-ները, որոնք հեռարձակել են «Օսկար» կինոմրցանակաբաշխության արարողությունը, հայտնի դերասանուհի Շարլիզ Թերոնի մարմնի բաց հատվածները «քողարկել» են: Դերասանուհին բեմ էր բարձրացել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին հայտարարելու համար, այս մասին գրել է tert.am-ը, հղում անելով The Daily Mail-ին:
Նկարված սև հագուստն այնքան կոպիտ է ստացվել, որ պրոդյուսերներն ավելի ուշ պարզապես «լղոզած» պատկերով ծածկել են դերասանուհու ողջ մարմինը՝ թողնելով միայն նրա գլուխը:
Մրցանակը ստացել է իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին՝ «Շրջավաճառը» ֆիլմի համար, սակայն 44-ամյա ռեժիսորը ֆիլմի գլխավոր դերակատարուհի Տարանե Ալիդուստիի հետ բոյկոտել է մրցանակաբաշխությունը՝ բողոքելով յոթ երկրի՝ այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահմանափակելու Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ:
Արդյունքում մրցանակը Ֆարհադիի և Ալիդուստիի փոխարեն ստացել է ձայնային ինժեներ Անուշե Անսարին, ում զգեստը նույնպես չափազանց անհամեստ է թվացել իրանցի գրաքննիչների համար: Նրանք «լղոզել» են կնոջ մարմնի բաց հատվածը հեռարձակման տեսանյութում, որտեղ նա հանդես է գալիս հաղթական խոսքով: