Դերասանուհի Թամարա Պետրոսյանին հեռուստադիտողը կտեսնի «Ֆուլ հաուս»-ի 6-րդ եթերաշրջանում: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր կերպարի ու նոր անձնակազմում աշխատելու առանձնահատկությունների մասին:
«Սիթքոմային ժանրում չկան բացասական հերոսներ, բայց կան բացասական երանգով հերոսներ, որոնց հետ կապված իրավիճակները, միևնույն է, ծիծաղաշարժ են: Իմ կերպարը հենց այդպիսինն է: Նա գործող հերոս Սերգեյի համախոհներից է: Հերոսուհիս՝ Նառան, ու Սերգեյը ստեղծում են տարբեր տհաճ իրավիճակներ, որոնց մեջ հայտնվում են տիկին Տամառան ու Մուշեղը: Նառան մասնագիտությամբ հոգեբան-հոգեթերապևտ է, բայց այլ մանրամասներ չեմ հայտնի՝ հետաքրքրությունը պահպանելու համար»,- պատմեց Թամարա Պետրոսյանն ու նշեց, որ նոր անձնակազմում անմիջապես ինտերգրվել է.
«Դեռևս երկու նկարահանման օր եմ ունեցել, բայց հստակ կարող եմ ասել, որ հրաշալի անձնակազմ է հավաքված: Մարջանի հետ նախկինում աշխատելու փորձ ունեցել էինք, սակայն Արմեն Պետորոսյանի և Գրիգոր Դանիելյանի հետ առաջին անգամն եմ աշխատում: Ուրախ եմ, որ հրաշալի մթնոլորտ է ստեղծված: Այստեղ թիմային աշխատանքը շատ սահուն է, ինչը լավ արդյունքի մի մասն է կազմում»,- հավելեց դերասանուհին:
Հանրության կողմից շատ սիրված սիթքոմում ներկայանալը Թամարայի համար մեծ պատասխանատվություն է.
«Ցանկացած սիրո զգացմունք ինչ-որ մարդու կամ երևույթի, իսկ տվյալ դեպքում սիթքոմի նկատամամբ, այնքան պատասխանատու է, որ այն անընդհատ պետք է ապացուցել ու արդարացնել, իսկ տվյալ դեպքում ապացուցվում ու արդարացվում է միայն որակյալ աշխատանքով: Իհարկե, երբ մուտք գործեցի այս սիթքոմ, ներքին մտորումներ ունեցա այն մասով, որ պարտքս պետք է համարեմ իմ նկատմամբ սերը արդարացնել նաև այս աշխատանքում: Հիմա կրկնակի է պատասխանատվությունը, քանի որ գիտեմ, որ սիթքոմը շատ սիրված է: Բացի իմ հանդեպ հանդիսատեսի սիրո արդարացումից, պետք է այս սիթքոմի համար էլ իմ լուման ներդնեմ, որպեսզի այդ սերը շարունակական լինի ու հիասթափություն չլինի»,- նշեց մեր զրուցակիցը:
Ի դեպ՝ մինչ «Ֆուլ հաուս»-ում նկարահանվելու առաջարկը, Թամարան հետևել է սիթքոմի զարգացումներին.
«Որքան ժամանակս թույլ է տվել, նախկինում դիտել եմ այս սիթքոմն ու որպես հեռուստադիտող շատ մեծ հաճույք եմ ստացել: Ուրախ եմ, որ հիմա կարող եմ ոչ միայն որպես հեռուստադիտող հաճույք ստանալ, այլև որպես գործող դերասան»,- հավելեց նա: