ՄՆ-ի Կոնգրեսի Սենատին և Ներկայացուցիչների պալատին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ուղերձի հեռուստատեսային լսարանը կազմել է 46,82 մլն մարդ: Այս տվյալները մարտի 1-ին հրապարակել է Nielsen ամերիկյան հետազոտական ընկերությունը:
Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի ղեկավարի ելույթը փետրվարի 28-ի երեկոյան դիտել են երկրի ինը առաջատար հեռուստաալիքներով: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի առաջին ուղերձի լսարանը գերազանցել էր 52,37 միլիոնը, իսկ նրա նախորդինը՝ Ջորջ Բուշ կրտսերինը՝ 39,79 միլիոնը: Իսկ ահա «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը, որը փետրվարի 26-ին անցկացվել է Լոս Անջելեսում, հեռուստաէկրանների մոտ հավաքել էր միայն շուրջ 32,9 մլն մարդ:
Թրամփի ելույթն առավել շատ մարդ է դիտել Fox News-ով (10.77 մլն), երկրորդ տեղում NBC-ն է (9,14 մլն), երրորդում՝ CBS-ը (7,16 մլն)
Ամերիկացիների գրեթե 80 տոկոսը դրական է արտահայտվել Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած ելույթի առթիվ: Այդ մասին վկայում է CNN հեռուստաընկերության և ORC սոցիոլոգիական ծառայության հարցումը, որի արդյունքները հրապարակվել են մարտի 1-ին:
Այսպես, 78 տոկոսը հայտարարել է, որ լավ է վերաբերվում Թրամփի ելույթին, այդ թվում՝ 57 տոկոսը այն համարել է «շատ դրական»: Հարցվածների գրեթե 70 տոկոսը հայտարարել է, որ Թրամփի ելույթն իրենց լավատեսություն է ներշնչել երկրի ապագայի նկատմամբ:
Թրամփը լավ գնահատական է ստացել տնտեսության վերաբերյալ արած առաջարկությունների համար. 72 տոկոսը կարծում է, որ նա հանդես է եկել ճիշտ ուղղությամբ տանող քաղաքականության օգտին: Նաև 70 տոկոսը դրական է գնահատել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ նրա առաջարկությունները, 64 տոկոսը՝ առաջարկված հարկային բարեփոխումը, 62 տոկոսը՝ ներգաղթին, ևս 62 տոկոսը՝ առողջապահությանը վերաբերող առաջարկությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: