Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած Բաքվի բռնապետի վարչակարգն առերևույթ ցույց է տալիս, թե արհեստածին Ադրբեջանական Հանրապետության տարածքում իրենց կամքից անկախ հայտնված կովկասյան պարսիկների (թաթերի) հետ կապված վախեր չունի, այսուհանդերձ այդ երկրի հենց թեկուզ միայն ԶԼՄ-նով տարածվող առաջին հայացքից «անվտանգ» լուրերը վերլուծելու միջոցով կարելի է հետաքրքիր տեղեկատվություն քաղել:
Մասնավորապես, Ապշերոնյան թերակղզու 13 բնակավայրեր ընդգրկող Խազարի շրջանի ընտրատարածքից պատգամավոր ընտրված Մեհրիբան Ալիևան փոխնախագահ նշանակվելու կապակցությամբ իր ընտրողների հետ հրաժեշտի հանդիպման համար երեկ մեկնել է Թյուրքան ավան, որը նշված բոլոր բնակավայրերից պատմականորեն թյուրքական բնակչություն ունեցող միակ վայրն է, մինչդեռ մնացած տասներկու ավանները հայտնի են արդեն մեծամասամբ թյուրքալեզվության անցած կովկասյան պարսիկներով բնակեցված լինելու հանգամանքով:
Այս առումով ուշագրավ է, որ Բաքվի բռնապետի տիկնոջ կամ նրա այցը կազմակերպողների համար տարածքի միակ թյուրքական բնակավայրն ակնհայտորեն ավելի նախընտրելի է եղել թեկուզ և թյուրքախոս դարձած, սակայն այսուհանդերձ կովկասյան պարսիկներով բնակեցված ավաններից: