ՀՀ առողջապահության նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, որի համաձայն` բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15-օրյա ժամկետում կարող են դիմել Երևանում ՀՀ առողջապահության նախարարություն , իսկ մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ` դեղի օրիգին ալ տարբերակը ստանալու համար` կեղծ դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելով:
Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նրա խոսքով` Հայաստանում բավական հազվադեպ են կեղծ դեղեր հանդիպում, իսկ դրանց դեմ պայքարը չի դադարում և ոչ մի րոպե: «Դեռ հայտնի չէ, թե կեղծ դեղը ինչ ճանապարհով է ներմուծվել, սակայն համապատասխան ատյանները դրանով զբաղվում են: Քրեական գործ է հարուցված, որն ընթացքի մեջ է»,-պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ դեղն արտադրող «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունն իրեն դրսևորեց որպես շատ լավ և հուսալի գործընկեր:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի և ՀՀ մարզերի մի շարք դեղատներում հայտնաբերվել էին կեղծ դեղեր, որոնցից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության «Պրեստանս» 5մգ/10մգ, 5մգ/5մգ, 10մգ/5մգ դեղն է եղել: Կեղծ դեղերի փոխարինման գործընթացը կտևի մինչև մարտի 20-ը: