Գայա Արզումանյանը՝ Սևակ Խանաղյանի հետ համատեղ տեսահոլովակի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Գայա Արզումանյանը՝ Սևակ Խանաղյանի հետ համատեղ տեսահոլովակի մասին. life.panorama.am

Երգչուհի Գայա Արզումանյանը և ուկրաինական «X-Factor» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանը համատեղ տեսահոլովակ են նկարահանել, որի մանրամասների մասին Գայան պատմել է Life.panorama.am-ին.

«Կարծում եմ, շատերին գաղտնիք չէ, որ ես ու արդեն իմ լավ ընկեր Սևակ Խանաղյանը պատրաստվում ենք հանդիսատեսի դատին հանձնել մեր առաջին համագործակցությունը»,- նշեց արցախցի երգչուհին:

Հետաքրքրվելով, թե ինչպես է կայացել Գայայի և Սևակի համագործակցությունը, երգչուհին պատմեց.

«Մտահղացումը իմ պրոդուսերինն էր՝ Արայիկ Գաբաջյանինը: Երբ մի քանի ամիս առաջ համացանցում նոր-նոր էր հայտնվել Սևակի մասնակցությամբ ուկրաինական «X-Factor»-ի տեսանյութերը, մի օր ինքս առաջարկեցի պրոդյուսերիս, որպեսզի փոքրիկ համերգային ծրագրով հրավիրենք Սևակին այն ռեստորանային համալիր, ուր նաև ես եմ աշխատում: Իսկ երբ Արայիկը դիտեց Սևակի տեսանյութերը, շատ ոգևորվեց և անմիջապես հենց նույն օրը գտավ նրան, կապ հաստատեց ու պայմանավորվեց համերգի համար: Չանցած մի քանի օր, պրոդյուսերս առաջարկեց զուգերգ կատարենք, ես էլ ասացի՝ ինչու ոչ, դրան հաջորդող քայլն էլ եղավ Սևակին առաջարկելը: Սևակը, երբ լսել էր իմ ձայնը, միանգամից համաձայնվել էր: Սկսեցինք երաժշտությունը փնտրել, մի քանի երգահանների լսեցինք, սակայն վերջում ընտրվեց այն տարբերակը, որը ունենք, իսկ բառերի հարցում միանշանակ էր՝ վստահեցինք Ավետ Բարսեղյանին»:

Խոսելով «Այայի երկիր Արցախ» երգից, Գայան նշեց.

«Երգի թեմայի շուրջ շատ չմտածեցինք, քանի որ կար միտք՝ անել այնպիսի գործ, որ նվիրվի 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին: Սակայն Ավետը գրեց այնպիսի բառեր, որը ավելի ուժ կտար մեր մարտիկներին ու այն բոլոր հայերին, ովքեր իսկապես հասկանում են հայ լինելու կարևորությունն ու Արցախն  իրենցն են համարում»:

Անդրադառնալով տեսահոլովակին, որի պրեմիերան կկայանա մարտի կեսին, Գայա Արզումանյանը նկատեց, որ ընդամենը մի քանի ժամում է տեսահոլովակը նկարահանվել.

«Տեսահոլովակի գաղափարը միանգամից եկավ: Իսկ նախապատրաստական աշխատանքները մի քանի օր է եղել, նույնիսկ կարելի է ասել՝ մի քանի ժամ: Քանի որ երգը շատ ազդեցիկ է, ուստի չուզեցինք տեսահոլովակը շատ ակցենտավորել: Ողջ գաղափարը  Արայիկ Գաբաջյանինն էր, ով նաև ռեժիսորի պարտականությունը ստանձնեց, օպերատրը Սուրեն Թադևոսյանն է: Տեսահոլովակը նկարահանվել է մի քանի ժամում, քանի որ Սևակը չեր կարող շատ մնալ»,- ավելացրեց երգչուհին:

Գայա Արզումանյանի խոսքով՝ Սևակ Խանաղյանի հետ սա դեռ առաջին համագործակցությունն է, բայց ոչ վերջինը.

«Դեռ առաջին համագործակցությունն է, իսկ ապագա ծրագրերի մասին դեռևս փակագծերը չեմ բացի»,- ավարտեց երգչուհին:

 



Նման նյութեր