Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը պատասխանել է լրագրողների հարցերին.
«Շատ հաջող առաջին խաղակես անցկացրինք՝ հաշվի առնելով թե՛ հանդիպման հաշիվը, թե՛՝ խաղի որակը և թե՛՝ արագությունները:
Երկրորդ խաղակեսն էլ լավ սկսեցինք, մերթընդմերթ դիմում էինք բարձր պրեսինգի, որն իր արդյունքը տալիս էր, պարզապես եզրափակման հարցում էինք փոքր-ինչ կաղում: Ամեն դեպքում, ավելի դժգոհ եմ խաղավարտի 15 րոպեներից: Երևի՝ փոփոխությունների հետ էլ էր պայմանավորված, ճիշտ է՝ կվերլուծենք, կհասկանանք, բայց վերջին 15 րոպեում չցուցադրեցինք այն խաղը, ինչը՝ սկզբնամասում:
Նորեկների խաղը լավ կգնահատեմ, քանի որ լեգեոներներից մեկը հիանալի գոլային փոխանցում կատարեց, իսկ մյուսը՝ գոլ խփեց: Նորեկները դեռևս իրենց լավագույն մարզավիճակում չեն, ավելացնելու տեղ ունեն: Լավ որակներ ունեն, բայց դեռևս ամբողջովին պատրաստ չեն, կարծում եմ՝ մոտ ժամանակներս արդեն միանգամայն պատրաստ կլինեն»:
– Պարոն Ոսկանյան, հատկապես հարձակման գծում մեծ թվով ֆուտբոլիստներ են հավաքվել: Ինչպե՞ս եք կարողանում այնպես անել, որ բոլորն, այսպես ասած, գոհանան իրենց ստացած խաղաժամանակից:
– Ֆուտբոլիստների մոտ բազմիցս կրկնել եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է: Ճիշտ եք նկատել՝ թիվը մեծ է, բայց կգա ժամանակ, երբ յուրաքանչյուր ֆուտբոլիստ շանս կստանա: Յուրաքանչյուր խաղ չէ, որ մենք մեկ մարտավարությամբ պետք է խաղանք: Ունենք տարբեր ոճի ֆուտբոլիստներ, որոնց կաշխատենք օգտագործել: Մնացածի պարագայում խաղային ժամանակն իրենցից է կախված: Դա պետք է մարզումներով ապացուցել, ով՝ լավ մարզավիճակում եղավ, նա էլ կխաղա:
– Առաջնությունից առաջ նշել էիք, որ թիմում պետք է լինի հիմնական դարպասապահ, որը պետք է մշտապես խաղա: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ դարպասպահն Արսեն Բեգլարյանն է:
– Ոչ, այդպես չէ: Իհարկե, ես կողմ եմ մրցակցությանը, և մեր թիմում հիմա կա այդ մրցակցությանը: Համենայն դեպս, այս պահի դրությամբ մենք գտանք, որ պետք է Արսենը խաղա այսօր:
– Պարոն Ոսկանյան, դաշտի գործոնը որքանո՞վ էր որոշիչ: Այս դաշտում ստացվու՞մ էր անել այն ամենը, ինչը նախապես մտադրվել էիք:
– Այո, երկու թիմի համար էլ նույնն էր: Հնարավոր է՝ սովորական դաշտում ավելի լավ խաղայինք, բայց չեմ կարծում, թե այսօրվա խաղում դա ինչ-որ եղանակ փոխեց: Նորմալ էր: Մենք էլ էինք սովոր արհեստական դաշտին: Ավելին, մեր դաշտերն անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան՝ Ամերիկայի արհեստական դաշտերը:
– Հայկական թիմերից ամենավերջինը հենց դուք վերադարձաք հավաքից, բայց թիմը շատ թարմ տեսք ուներ դաշտում: Ինչպե՞ս էիք կարողացել այդքան լավ պատրաստել թիմին:
– Դե, տղաները պրոֆեսիոնալներ են: Իհարկե, շատ դժվար ճանապարհ անցանք, և դեռ շատ բաներ ունենք անելու, բայց շատ ուրախ եմ, որ մինչև մոտակա խաղը 8 օր դեռ կա, կկարողանանք ավելի կազմակերպված լինել: