Մարինկա, վերջին շրջանում Ձեր մասնակցությամբ նախագծերը հաջորդում են միմյանց: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք փորձում անխախտ պահել ոչ միայն հեռուստադիտողի, այլեւ կազմակերպիչների սերն ու ուշադրությունը Ձեր նկատմամաբ:
– Կարծում եմ, պետք է գնահատես այն, ինչ ունես: Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ: Շնորհակալ եմ իմ հեռուստադիտողին, որ այդքան ջերմ ու բարի են. ես միայն նրանց սիրո շնորհիվ եմ կարողանում քայլել առաջ:
Ի՞նչն եք համարում աշխատանքի հաջողության գրավականը: Ինչը կարող է խանգարել լավ արդյունք ստանալուն:
– Պետք է միշտ ուշադիր լինես աշխատանքիդ նկատմամբ, որպեսզի ամեն ինչ շատ լավ լինի:
Ձեզ տեսել ենք եւ հումորային ժանրում, եւ դրամայում. երկուսում էլ, կարծես թե, հաջողել եք, իսկ ո՞ր ժանրն է Ձեզ ավելի հարազատ:
– Իրականում երկու ժանրն էլ ինձ հոգեհարազատ է: Դրանք իրարից շատ տարբեր են, բայց նաեւ շատ հետաքրքիր:
Այժմ նկարահանվում եք «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում, իսկ շուտով Ձեզ կտեսնենք «Օտարը» սերիալում: Հետաքրքիր է՝ կարճ ժամանակում կերպարանափոխությունը հե՞շտ եք իրականացնում:
– «Փոխնակ մայրը» հեռուստասերիալի նկարահանումներն արդեն վերջացել են, բայց բավականին դժվար էր միաժամանակ նկարահանվել երկու հեռուստասերիալներում: Ինչեւէ, ես հաղթահարեցի այդ դժվարությունները: Հիմա միայն նկարահանվում եմ «Օտարը» հեռուստասերիալում: Ինչ վերաբերվում է կարճ ժամանակում կերպարանափոխվելուն, արդեն համակերպվել եմ ու դժվարություններ չունեմ այդ առումով: Նոր կերպարս էլ շատ եմ սիրում:
Դերասաններին ժողովուրդը շատ ժամանակ տարատեսակ բնորոշումներ է տալիս՝ ասելով, որ երբեմն նրանք իրական կյանքում նմանվում են իրենց կերտած հերոսներին: Ինչպե՞ս եք փորձում խուսափել այդ խնդրից:
– Իմ խաղացած կերպարներից ոչ մեկին չեմ նմանեցրել ինձ. տեսակով բավականին այլ մարդ եմ: Ինքս չեմ նմանեցնում, բայց հեռուստադիտողը միշտ է նմանեցնում եւ համեմատում ինձ իմ բոլոր կերպարեների հետ:
Ինչպես զրույցի սկզբում նշեցի՝ անընդհատ նոր նախագծերում եք ներգրավված: Իսկ ի՞նչ այլ ծրագրեր ունեք հիմա:
– Այս պահին բացի արդեն հայտնի նախագծերից ուրիշ ծրագրեր չկան, բայց, կարծում եմ, ընթացքում կլինեն: