Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) տարբեր նախագծերում միագումար ներդրումները գերազանցել են 50 միլիարդ դոլարը: Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի Զարգացման և բարենորոգման պետական կոմիտեի ղեկավար Հե Լիֆենը:
«Չինաստանը (ՄՃՏԳ-ի շրջանակներում) առաջարկում է ենթակառուցվածքի և նավահանգիստների կառուցման, ինչպես նաև երկաթուղիների գցման նախագծեր, այս նախաձեռնություններն իրագործվում են պատշաճ կերպով»,- ասել է նա: «Վերջին ավելի քան երեք տարում դրանցում ներդրվել է ավելի քան 50 միլիարդ դոլար: 2016 թվականին կապիտալ ներդրումները կազմել են 14 միլիարդ դոլար»,- նշել է Հե Լիֆենը:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ նախաձեռնության իրագործման ջանքերի շրջանակներում Չինաստանը կնքել է համագործակցության ավելի քան 50 համաձայնագիր, իսկ ներկայում նախագծին մասնակցելու մասին հայտարարել են ավելի քան 100 պետություններ և միջազգային կազմակերպություններ:
Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին Եվրոպայի և Կենտրոնական, Հարավային և Արևելյան Ասիայի երկրների միջև տրանսպորտային, էներգետիկական, առևտրային միջանցքի ստեղծման նախաձեռնությունն է: Նախագիծը նախատեսում է միասնական եվրասիական առևտրատնտեսական տարածության և անդրմայրցամաքային փոխադրամիջանցքի ստեղծում: ՉԺՀ-ի համար նախագծի իրագործման հիմնական նպատակներից մեկը Չինաստանից Եվրոպա բեռները տեղ հասցնելու ժամկետների կրճատումն է:
Նախագծի ստեղծման գաղափարն առաջադրել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը 2013 թվականի սեպտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: