Գեղարքունիքի մարզում, չնայած մարտի 4-ին տեղացած ձյանը, ճանապարհատրանսպորտային երթևեկության համար դժվարանցանելի վիճակ չի ստեղծվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի փրկարարական վարչության պետի տեղակալ, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, մարտի 4-ի երեկոյան ժամերին տեղացած ձյունը, որի բարձրությունը կազմել է 5-10 սանտիմետր, մարտի 5-ի ցերեկվա ընթացքում հալվել է:
«Ձյան տեղումները չեն ուղեկցվել բքով, իսկ կուտակված ձյունը հալվել է տաք ջերմաստիճանի ազդեցությամբ, այնպես որ, ճանապարհատրանսպորտային երթևեկությունը չի խոչընդոտվել: Վարդենյաց լեռնանցքը, լեռնային գյուղեր տանող բոլոր ճանապարհները բաց են և երթևեկելի, ազատված ձյան ծածկույթից և մերկասառույցից»,-նշեց Հայկ Աբրահամյանը՝ հավելելով, որ երկարատև ու ցուրտ ջերմաստիճանն էականորեն վնասել է մարզի ճանապարհները՝ ճաքեր ու փոսեր առաջացնելով ասֆալտբետոնե ծածկ ունեցող միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին:
Խոսրով Խլղաթյան