«Ավելի ազնիվ ու ազդեցիկ կլինի, եթե քաղաքական ուժերը ներկայացնեն ոչ միայն ծրագիր, այլև կաբինետը»
Advertisement 1000 x 90

«Ավելի ազնիվ ու ազդեցիկ կլինի, եթե քաղաքական ուժերը ներկայացնեն ոչ միայն ծրագիր, այլև կաբինետը»

Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրություններին ընդառաջ.

Նախագահականից խորհրդարանական դարձած կառավարման համակարգում թերևս առաջին լուրջ ընտրություններն ապրիլին կայանալիք ընտրություններն են: Ցավալի է, սակայն ընտրություններից ընդամենը հաշված օրեր առաջ քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը դեռևս չի պատկերացնում և ծանոթ չէ ընտրության կարգին: Ցավոք, սակայն քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը չգիտի` ինչ է ռեյտինգային ընտրակարգը, իսկ այս տրամաբանության մեջ իրականում հարյուր տոկոս համամասնական ընտրակարգը վերածվում է հարյուր տոկոս մեծամասնական ընտրակարգի:

Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերն այս իմաստով ունեն մեծ անելիք. բացատրել մինչ օրս «անձեր» ընտրած քաղաքացիներին, որ սա ոչ թե անհատների, այլ քաղաքական ուժերի ընտրություն է, և ընդամենը հնարավորություն է տրված ընտրելու նաև որևէ թեկնածուի, եթե իհարկե կողմնորոշվել ես, թե որ քաղաքական ուժին ես ձայն տալու: Ավելին` կարող են ընտրել միայն քաղաքական ուժին` չնշելով ռեյտինգային որևէ թեկնածուի անուն:

Պետք է քաղաքացիներին իրազեկել, որ այս ընտրությունները ամենակարևորն են առաջիկա տարիների համար: Այս ընտրությունները վարչապետի ընտրություններ են, գործադիրի, ինչու չէ նաև նախագահի: Հայաստանն այլևս խորհրդարանական պետություն է, և ավելի ազնիվ ու ազդեցիկ կլինի, եթե քաղաքական ուժերը ներկայացնեն ոչ միայն ծրագիր, այլև կաբինետը. Ով է վարչապետի թեկնածուն, ովքեր են լինելու գործադիրում, ովքեր` օրենսդիրում:

Եթե այս ամենը չիրականացվի, այդպես էլ քաղաքացին կգնա պատգամավոր ընտրելու` առանց գիտակցելու իր ձայնի նշանակությունն ու կարևորությունը»:



Նման նյութեր