Հնդկաստանի Air India ավիաընկերության հանրանավը, որի անձնակազմն ամբողջությամբ բաղկացած էր կանանցից, առաջին անգամ շուրջերկրյա թռիչք է կատարել: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Օդանավը փետրվարի 27-ին Նյու Դելիից մեկնել է Սան Ֆրանցիսկո Խաղաղ օվկիանոսի վրայով: Հետադարձ երթուղով, որն այս անգամ անցել է Ատլանտյան օվկիանոսի և Եվրասիայի վրայով, ինքնաթիռը մեկնել է մարտի 3-ին:
Նշվում է, որ հանրանավը թռիչքի պատրաստած ցամաքային ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև այդ չվերթի հետ աշխատած կարգավարները նույնպես կանայք են եղել:
Air India-ի աշխատակիցներն արդեն դիմել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին՝ այս նվաճումը որպես համաշխարհային ռեկորդ գրանցելու համար: Չվերթը կազմակերպվել էր մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրվա առթիվ: