Երևանում բնակարանների գները շարունակում են հարաբերական կայունություն դրսևորել
Advertisement 1000 x 90

Երևանում բնակարանների գները շարունակում են հարաբերական կայունություն դրսևորել

Երևանի անշարժ գույքի շուկայում գների հարաբերական կայունություն է: Բնակարանների առավել բարձր գները պահպանվել են Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, բնակարաններն ամենաէժանն են Նուբարաշենում և Մալաթիա-Սեբաստիայում:

2017 թվականի հունվարին Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի շուկայական միջին գինը կազմել է 428 հազար 250 ՀՀ դրամ: Արաբկիրում ցուցանիշը կազմել է 357 հազար 450 դրամ, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 281 հազար դրամ:

2017 թվականի հունվարին Նոր-Նորքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 254 հազար 500 դրամ, Ավանում` 261 հազար, Էրեբունիում` 249 հազար 800, Շենգավիթում` 256 հազար 500, Դավիթաշենում` 277 հազար 300, իսկ Աջափնյակում` 250 հազար դրամ:

Նուբարաշենում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը 2017 թվականի հունվարին կազմել է 157 հազար 700 ՀՀ դրամ, իսկ Մալաթիա-Սեբաստիայում՝ 242 հազար 500 ՀՀ դրամ:

2017 թվականի հունվարին ըստ ՀՀ քաղաքների բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին ամենացածր գինը գրանցվել է Լոռու մարզի Շամլուղ և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում` 1 քմ-ի համար 8000 դրամով:  Միջին գինը թանկ է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում` 292 հազար 400 դրամ:

Մայրաքաղաքի բնակելի տների շուկայական միջին ամենաբարձր գինը նույնպես Կենտրոն համայնքում է: 2017 թվականի հունվարին 1 քմ-ի շուկայական միջին գինն այստեղ կազմել է 476 հազար 350 ՀՀ դրամ: Ամենացածր գինը Նուբարաշեն համայնքում է` 150 հազար 800 դրամ: