«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը։
–Պարոն Փայտյան, նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում սկանդալային հայտարարություն արեց բանակի վառելիքի վերաբերյալ։ Վարչապետի խոսքերով՝ բանակի վառելիքին կերոսին է խառնվում, ինչի պատճառով հատկապես ապրիլյան պատերազմի օրերին տեխնիկան չի աշխատել։ Դուք այս հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում։
-Չկա նման բան։ Բանակը ցանկացած ապրանքատեսակ որ ստանում է, լաբորատոր փորձաքննություն է անցնում, նոր ընդունվում է։ Եթե նման բան կա՝ թող իրավապահ մարմինները համապատասխան փորձաքննություն անցկացնեն։ Չեմ կարծում, որ վարչապետը դա է նկատի ունեցել։
–Ձեր կարծիքով՝ վարչապետը նման բան կհայտարարե՞ր երկրի օրենսդիր մարմնում, եթե դրա համար հիմքեր չլինեին։
-Ես չեմ կարող ասել։ Ասողը ես չեմ։ Մենք երբևէ բանակում նման խնդրի չենք առնչվել։ Բանակում նման խնդիր երբևէ չի եղել։ Թե հիմա որտեղից են վերցնում, ինչի համար են վերցնում՝ չգիտեմ։
-Կարծիքներ կան, որ այդ հայտարարությունը որպես զգուշացում էր՝ ուղղված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որը հիմա ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս։ Դուք համակարծի՞ք եք։
-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ ասեմ՝ կիսում եմ այդ կարծիքը, թե ոչ։ Ես զինվոր եմ, հայրենիքի զինվորը։ Երբ որ պետք լինեմ՝ կծառայեմ հայրենիքիս և կլինեմ հայ զինվորի կողքին։ Մնացածը՝ ով ինչի համար է ասում, ինչ նկատառումներ ունի, ինչ «հեռանկարներ» ունի իր ասածի մեջ՝ դա բացարձակապես ինձ չի հետաքրքրւմ։ Ես գիտեմ, որ մեր բանակը հզոր է, մեր հայ զինվորը խիզախ է, մեր հայրենիքի, պետության անվտանգության միակ երաշխիքը մեր բանակն է, դրա համար ես զինվորի կողքին եմ, քաղաքականությունից հեռու։
–Իսկ քաղաքականությամբ զբաղվող նախկին զինվորականներին ինչպե՞ս եք վերաբերվում։
-Ամեն մարդ իր արարքների պատասխանատուն է։ Ես որևէ վերաբերմունք չունեմ։ Բայց վստահ եմ՝ եթե հարկ լինի, նրանք իրենց հայրենիքի զինվորն են։ Այնպես չի, որ ամեն ինչ ավարտվում է քաղաքականությամբ զբաղվելիս։ Բայց դա մարդու ընտրությունն է. մեկը քաղաքականությամբ է զբաղվում, մյուսը՝ գնում է դասախոսություն կարդում, մյուսը ատաղձագործությամբ է զբաղվում։ Դա մարդու նախասիրությունն է։
-Ես հավատացած եմ, որ լայնածավալ պատերազմ չի լինի, քանի որ մենք վերջերս ականատես եղանք նաև նախագահի ելույթին և՛ Բրյուսելում, և՛ ՊՆ-ում։ Այնտեղ շատ հստակ, նաև տողատակերում կային այն բոլոր ուղերձները, որ անհրաժեշտ են։ Կարծում եմ՝ նախագահի խոսքը, ուղերձը շատ լուրջ զսպաշապիկ կլինի ադրբեջանցիների համար, եթե, իհարկե, մի քիչ խելացի լինեն։ Բայց եթե նույն ոչխարությունը, որը ազգային հատկանիշ է իրենց ցեղի համար, պահպանեն, մենք ստիպված կլինենք մի քանի շրջան էլ գրավել, որպեսզի սթափվեն։
-Բայց ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տարածքներ կորցրինք։
-Ոչ, մենք չենք կորցրել։ Դա զորքերի տեղաշարժ էր՝ իրավիճակից ելնելով։ Այնպես որ, չի կարելի ասել, թե մենք կորցրել ենք։ Պատերազմում տարածքները մեկ այս կողմում են լինում, մեկ այն կողմում։ Իսկ մեր պատերազմը դեռ չի ավարտվել։ Մեր վերջին հաղթանակը դեռ հետո ենք տանելու, քանի որ մեր բանակը հզոր է ու անպարտելի։
–Պարոն Փայտյան, Ձեր կարծիքով՝ բանակի շուրջ նման սկանդալները, բանակի հաշվին հարստացած գեներալները չե՞ն ստվերում բանակի հեղինակությունը։
-Բնական է, որ ցանկալի չեն բանակում նման երևույթները, իսկ եթե նման երևույթներ կան՝ բնականաբար, պետք է համապատասխան մարմինները զբաղվեն նրանցով, և նրանք պատժվեն։ Բանակի հաշվին հարստացածները միանշանակորեն պետք է պատժվեն։
–Բայց մենք մինչ օրս նման նախադեպ չունենք, որ նրանց պատժեն։ Դուք նման օրինակ գիտե՞ք։
-Ես չգիտեմ, դա իրենք արդեն պետք է իմանան։ Ես արդեն հինգերորդ տարին է՝ ինչ չեմ ծառայում։
-Նկատի ունեք, որ դուք հենց այդ պատժված մարդկանցի՞ց եք գոմեշի մսի գործի շրջանակներում։
-Ոչ։ Հարցն այլ տեղ մի տարեք։ Ես նկատի ունեմ, որ ես արդեն հինգ տարի է՝ բանակում չեմ և չգիտեմ այդ մարդկանց։